Պոլիտեխնիկի հեղինակությունը վնասող քայլերից ձեռնպահ մնալու՝ Սամվել Նիկոյանի հորդորին բուհում ականջալուր չեն եղել
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը Tert.am-ի հետ զրույցում իր մտահոգությունն արտահայտեց Պոլիտեխնիկի շուրջ բարձրացված սկանդալի մասին։
«Ցավոք՝ վերջին իրադարձությունները Պոլիտեխնիկում ոչ առողջ մթնոլորտ են ստեղծել, ինձ քիչ են հետաքրքրում այդ սկանդալները, ինձ առաջինը մտահոգում է բարոյահոգեբանական մթնոլորտը, որն այնքան էլ նպաստավոր չէ Պոլիտեխնիկի հեղինակության համար»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու գործը, որի հիմնական սկանդալն այն է, որ իբր՝ Թոքմաջյանն ու նույն բուհի մի կին դասախոս անպարկեշտ համակարգչային գրագրություն են անում ու նաև վիրավորական արտահայտություններ անում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին:
Ավելի ուշ ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը ահազանգել էր, որ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտնում է վարչության աշխատակիցների սենյակներ և խուզարկում դրանք, որից հետո եղավ Վլադիմիր Խոեցյանին աշխատանքից ազատվելու մասին ռեկտորի որոշումը։
«Ցավոք՝ Պոլիտեխնիկն իր լավագույն օրերը չի ապրում, սկանդալի հետ կապված հարցը նախաքննության փուլում է, որևիցե մեկն իրավունք չունի մինչև այդ նախաքննության ավարտը որևէ լուծում առաջարկել»,-ասաց նա։
Սամվել Նիկոյանը նշեց, որ ինքը եղել է բուհում և ուղղակիորեն բոլորին առաջարկել ձեռնպահ մնալ այն քայլերից, որոնք լրացուցիչ լարվածություն կստեղծեն բուհում, և բացասական իմաստով բուհի անունը կդրվի շրջանառության մեջ։ «Ցավոք՝ իմ այդ հորդորին ականջալուր չեղան, և գնաց բացասական էսկալացիայի երկրորդ փուլը, որն ինձ համար ամբողջովին անընդունելի է՝ որպես կառավարման խորհրդի նախագահ։ Յուրքանյուր խնդրի լուծում պետք է գնա ո´չ թե վիրահատական ճանապարհներով, այլ՝ թերապևտիկ, հանգիստ բուժման, և որպեսզի ժամանակի ընթացքում խնդիրները կարգավորվեն»,-եզրափակեց նա։










