ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը նշանակում է, որ ընդունված որոշումը ՀՀ ԱԺ-ն ընդամենը կարող է վավերացնել, ոչ թե քննարկել. Ս. Սաֆարյան
Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի պայմանագիրը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, նշանակում է մեկ բան. իշխանության, ավելի կոնկրետ՝ դրա մեկ՝ օրենսդիր ճյուղի ուզուրպացում: Tert.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը կոնկրետ օրինակներով ներկայացրեց, թե ինչ նկատի ունի իշխանության ուզուրպացում ասելով:
«Ես առավելապես պայմանագրից կառանձնացնեմ այն դրույթները, որոնք վերաբերում են Սահմանադրությամբ իշխանության ճյուղերին վերապահված լիազորություններին ու դրանց կրճատվելուն: Դրանք ուղղակի կրճատվելու են, որովհետև մի շարք հարցերի մասին որոշումներ ընդունելու իրավունքը փոխանցվելու է վերպետական միությանը: Ըստ որում՝ դա կարող է լինել անգամ Հայաստանի կամքին հակառակ (հիշեցնենք, որ Հայաստանն այնտեղ ունի 1 ձայնի իրավունք) ու այնպիսի հարցերում, որոնց դեպքում ՀՀ Սահմանադրությունը դրանց որոշման բացառիկ իրավունքը վերապահում է Ազգային ժողովին և Կառավարությանը: Եվ, հետևաբար, միայն այս մասով պարզ է, որ դա հակասող է դառնում ՀՀ Սահմանադրությանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով էր քննում Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ.-ի մայիսի 29-ի Մինսկում ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը և վճիռը պետք է լինի այսօր՝ նախքան համաձայնագիրը ԱԺ վավերացման ուղարկելը:
Ստյոպա Սաֆարյանը կոնկրետ օրինակով ներկայացրեց, թե ինչպես օրինակ՝ կարող են սահմանափակվել ԱԺ-ի՝ ՀՀ օրենսդիր մարմնի լիազորությունները, և դա անվանեց իշխանության ուզուրպացում:
«ԵՏՄ համաձայնագրում ամրագրված է, թե ինչպես կարող են որոշումներն ամրագրվել և դրանք, ինչպես նշեցի, ամենևին կոնսենսուսային որոշումներ չեն: Եվ օրինակ՝ ԵՏՄ տարածքում այս կամ այն դրույքաչափը սահմանելիս կարող են ընդունվել որոշումներ, որոնց Հայաստանը դեմ լինի, բայց նրա դեմ լինելը որևէ բան չի փոխի և օրինակներս վերաբերում են նույն այդ զգայուն հարցերին: Սա նշանակում է, որ Ազգային ժողովը, որը, ըստ էության, օրենքներով է սահմանում նման դրույքաչափերը, ընդամենը վավերացնելու է: Ոչ թե քննարկելու է, որոշելու է դրա նպատակահարմարությունը դեբատների կամ քննարկումների միջոցով, այլ ընդամենը ստիպված է լինելու վավերացնել վերպետական մարմնի որոշումները: Եվ սա այո՛, ԱԺ իրավասությունների կրճատում է, և սա ես անվանում եմ՝ իշխանության ուզուրպացիա, որովհետև իշխանության մի ճյուղի լիազորություններն անուղղակի կամ ուղղակի խլելը, նույնպես իշխանության զավթում է»,- ավելացրեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու սահմանադրականության հարցի քննարկման ժամանակ՝ մինչև խորհրդակցական սենյակ անցնելը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին հարց տվեց պայմանագրում առկա «զգայուն հարցեր հասկացություն» վերաբերյալ՝ ասելով, որ այդպես էլ չհասկացավ, թե ինչին է վերաբերվում: Եվ նաև հարցրեց՝ արդյո՞ք այդ զգայուն հարցերը ենթակա են բողոքարկման, այսինքն՝ բողոքարկելու դեպքում դրանց գործունեությունը կասեցվո՞ւմ է, թե՞ ոչ: Ինչին ի պատասխան էլ Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ այո՛, բողոքարկելուց հետո այդ զգայուն հարցերի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է:
Ի պատասխան հարցի, թե որոնք են այդ զգայուն հարցերը, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ ինքը չի հասկացել , թե ինչ նկատի ուներ Գագիկ Հարությունյանը:
«Անկեղծ ասած, իսկապես շատ «մուխանաթ» ձևակերպումներ կան, որովհետև միշտ առնվազն գոնե թվարկվում է զգայուն հարցերի շրջանակ, թե դրանք ինչ են: Իսկ այս պարագայում ո՛չ, ու ես չգիտեմ, թե Գագիկ Հարությունյանն ինչ է փորձել պարզել»,- ասաց նա։
Ստյոպա Սաֆարյանը չի հասկացել նաև Սուրեն Կարայանի պատասխանը, որ «վեճը վերանում է»: «Ո՞նց է վերանում»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:
Նա նաև սխալ է համարում, որ Սահմանադրական դատարանը գրավոր , այլ ոչ թե բանավոր ընթացակարգով էր քննում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու հարցի սահմանադրականությունը՝ նշելով, որ դա հանրային շահերով առաջնորդվող փաստաթուղթ է:










