Թուրքիայի հակահայկական կառույցի ղեկավարը դեմ է Հռոմի պապի Թուրքիա այցին՝ Ցեղասպանությունը ճանաչելու պատճառով
Այսպես կոչված՝ «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» ղեկավար Գյոքսել Գյուլբեյը դեմ է արտահայտվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Թուրքիա այցին:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, հակահայ գործիչը որպես դեմ լինելու պատճառ նշում է այն, որ Ֆրանցիսկոս պապը 1915թ.-ի դեպքերը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Գյուլբեյը հայտարարել է, թե Պապը հոգևորական է և ավելի լավ է պատմության փոխարեն զբաղվի աշխարհում խաղաղություն հաստատելու առաքելությամբ:
«Հոգևոր առաջնորդների կողմից նման թեմաների մասին կարծիք հայտնելը սխալ է: Աշխարհի պատմաբանները դեռ հստակ չեն կողմնորոշվել այդ հարցում, և Հայոց ցեղասպանության մասին Պապի խոսքերը միակողմանի են: Հայկական լոբբին ցեղասպանության պնդումները եկեղեցու և հոգևորականների միջոցով է տարածում»,-ասել է նա:
Նա պահանջել է խոչընդոտել նոյեմբերի 30-ին Ֆրանցիսկոս պապի Թուրքիա նախատեսված այցը, ինչպես նաև՝ ներողություն խնդրել թուրք ժողովրդից՝ «սխալ, անհիմն և միակողմանի» խոսքերի համար:
Նոյեմբերի 30-ին Հռոմի պապը նախատեսում է այցելել հունական եկեղեցի և, նրանց էլ քրիստոնյա համայնքի զոհեր հաշվելով, աղոթելու է նրանց հոգիների համար:
Գյոքսել Գյուլբեյը նշել է, որ իրենց կառույցը Պապին Թուրքիայում տեսնել չի ցանկանում:










