Մի խումբ ադրբեջանցիներ հացադուլ են սկսել՝ Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին ազատելու պահանջով
Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները հացադուլ են հայտարարել՝ ի նշան ԼՂՀ-ում ձերբակալված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ճակատագրի հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության։
Ինչպես տեղեկացնում ԱՊԱ գործակալությունը, ակցիայի կազմակերպիչները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ուշադրությունն են հրավիրում Հայաստանի «անօրինական գործողությունների» վրա:
Նրանք ադրբեջանական իշխանություններից պահանջում են կտրուկ քայլերի դիմել:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվում է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը: Նրանց դեմ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով գործ է հարուցվել, այդ թվում՝ ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու համար:










