Մոսկվայում ապագա քիմիկոսը նոր թմրանյութ է ստեղծել և վաճառել
Մոսկվայում ձերբակալվել է 22-ամյա երիտասարդ, ով նոր թմրանյութ է ստեղծել և դեղահաբերի տեսքով վաճառել դրանք, գրում է rg.ru-ն՝ Interfax-ին հղումով։
Ինչպես նշվում է, քիմիայի ֆակուլտետում սովորած, հետագայում բուհից հեռացված ուսանողը հորինել է թմրանյութի նոր բանաձև և իրացրել դրանք դեղահաբերի տեսքով։ Թմրանյութի արժեքը մեկ հաբի համար եղել է 200 ռուբլի (մոտ 2.000 դրամ)։
Իրավապահների կազմակերպած «փորձնական առևտրի» արդյունքում Վիխինո-Ժուլեբինո շրջանի 22-ամյա բնակչի մոտից գնվել է մոտ 500 դեղահաբ։
ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության մասնագետների տվյալների համաձայն՝ տվյալ թմրանյութը Մոսկվայում առգրավվել է առաջին անգամ։
Ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։










