ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

15:25 • 14.11.14

ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռն այսօր հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այսպիսով՝ ելնելով գործի քննության արդյունքներից՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց՝ առաջին՝ պայմանագրում արձանագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Երկրորդ՝ նշվեց, որ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Դատարանի որոշումը դահլիճում ընդունվեց «ամոթ-ամոթ» վանկարկումներով:

ՀՀ Սահմանադրության որոշման հիմնավորումներում, մասնավորապես, ասվում է Սահմանադրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում միջազգային ու տարածաշրջանային համագործակցության ու այլ ապահովող կառույցների իրավաչափ գործունեության ապահովման հարցերը: Սակայն դրա համար առկա են նաև սահմանադրական հստակ տարիֆներ, որոնք բխում են Սահմանադրության մի շարք կոնկրետ դրույթներից: Դրանք են՝ առաջինը՝ պետական, ժողովրդական ու ազգային ինքնիշխանության երաշխավորումը, երկրորդ՝ միջազգային հարաբերությունների իրավահավասարությունն ու փոխշահավետությունը և մարդու իրավունքների միայն այնպիսի սահմանափակումների նախատեսումը, որոնք համարժեք են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: 

Խորհրդում նախագահությունն ընտրվում է ռոտացիոն սկզբունքով, իսկ որոշումներն ընդունվում են փոխհամաձայնեցմամբ՝ կոնսենսուսով: Բոլոր այլ մարմինների որոշումները բողոքարկելի են միության բարձրագույն մարմիններում, ընդ որում միության բարձրագույն խորհուրդը սահմանում է նաև զգայուն հարցերի ցանկը:

ԵՏՄ բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները ենթակա են բողոքարկման անդամ պետությունների կողմից նրանց ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

ԵՏՄ-ի պայմանագրից դուրս գալու կարգը, համաձայն այդ պայմանագրի 118-րդ հոդվածի, սահմանված է միջազգային պայմանագրերի համար նախատեսած ընթացակարգերին, մասնավորապես՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիենայի 1969թ.-ի մայիսի կոնվենցիային համապատասխան: Եթե ԵՏՄ-ին միանալու հարցը լուծվում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից կնքված պայմանագրի առաջին հոդվածի հիման վրա, ապա ԵՏՄ-ի կազմում իր համակցության դադարման գործընթացը Հայաստանը կարող է նախաձեռնել ցանկացած պահի՝ համաձայն արդեն ԵՏՄ-ի մասին պայմանագրի 118-րդ հոդվածի: Դրան համապատասխան՝ ՀՀ ՍԴ-ն որպես իրավական հիմք է ընդունում այն, որ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքի հիման վրա պայմանագրի գործողությունը տվյալ պետության նկատմամբ դադարում է՝ համապատասխան գրավոր ծանուցում ստանալու օրվանից սկսած տասներկու ամիսը լրանալուն պես:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: