Սադրանքի մեղավորն Ադրբեջանի իշխանությունն է. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» -ը՝ խոցված ուղղաթիռի մասին
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպութունը դատապարտել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ուղղաթիռը խոցելու փաստն ու այդ առնչությամբ մամուլի հաղորդագրությամբ հանդես եկել:
«Մենք դատապարտում ենք բռնության այս նոր պոռթկումը: Մենք կարծում ենք, որ ինչպես միշտ, ադրբեջանական իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար: Այս սադրանքը զրոյացնում է Ադրբեջանի պարտավորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Մենք կարծում էինք, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն կորդեգրի առավել իրատեսական և կառուցողական վարքագիծ: Ընդամենը մի քանի օր անց, խախտելով Ֆրանսիային տված խոտումը, ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել տարածաշրջանում»,- նշել է ԵԽ ֆրանսիացի պատգամավոր, ՀԵԲ Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոնը:
«Միջազգային բոլոր կազմակերպություններին պարզ է, որ ադրբեջանական վարչակազմը ձևավորել է տոտալիտար ռեժիմ՝ վախի, ստի և ճնշումների հիման վրա: Ուստի, այն նաև փորձում է չեզոքացնել տարածաշրջանում ազատության և օրենքի գերակայության ցանկացած քայլ: Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում՝ սպառնալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաև ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների նրանց իրավունքին՝ խոցելով անզեն ուղղաթիռներ կամ սպանելով խաղաղ քաղաքացիներին, ինչպես պատահեց մի քանի շաբաթ առաջ: Հայտնում եմ իմ խորը ցավակցությունն ուղղաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին», - ավելացրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդարանի անդամները ևս հայտնել են իրենց մտահոգությունը:
«ԼՂ-ում զինվորական ուղղաթիռ խոցելը բավականին վտանգավոր և հակամարտության աննախադեպ թեժացում է տարածաշրջանում», - նշել է ԵԺԿ խմբի ԵԽ պատգամավոր, Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի փոխնախագահ Ժարոմիր Ստետինան:
ԵԽ պատգամավոր, ԵԽ Լեռնային Ղարաբաղի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը հավելել է. «Նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի անզեն ուղղաթիռ խոցելն Ադրբեջանի կողմից 20 տարվա մեջ հրադադարի ամենադաժան խախտումն էր: Սա ոչ միայն Ադրբեջանի կողմից եզակի կոպիտ գործողություն է, այլև մեկ հանգամանք ևս, որը ցանկացած օբյեկտիվ դիտորդի պետք է հուշի, որ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության համատեքստում զենքի չկիրառման պարտավորություններն այլևս կորցրել են իրենց արժեքը: Ուղղաթիռի վրա հարձակում իրականացրած զինծառայողին պարգևատրելը «Զինվորական վաստակի համար» մեդալով հիշեցնում է հանցագործ և մարդասպան «հայրենադարձ» Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից հերոսացնելու և ազգային հերոսի մակարդակի բարձրացնելու մասին: Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի վարչակազմը կրկին խոստացավ զերծ մնալ բռնություններից և ուժի կիրառումից ԼՂ հակամարտության իրական կարգավորման գործընթացում: Երկու շաբաթ անց Ադրբեջանն ապացուցեց, թե ինչ արժեք ունեն նման խոստումները: Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից բռնության այս վերջին դրսևորումը»:










