Իրանում վոլեյբոլի խաղ դիտելու փորձի համար ձերբակալված կնոջ ազատազրկումը կարող է ավելացվել 6 տարով
Թեհրանում վոլեյբոլի խաղ դիտելու համար բողոքի ակցիա իրականացրած և դրա համար ձերբակալված Բրիտանիայի և Իրանի քաղաքացի հանդիսացող կնոջն այժմ կարող են մեղադրել լրտեսության համար, ինչը պոտենցիալ վեց տարվա ազատազրկում է նախատեսում, գրում է Daily Mail-ը:
Ղոնչեհ Ղավամին արդեն հինգ ամիս է բանտում է, սակայն այժմ տեղեկություններ կան, որ Հեղափոխության պահապանների կորպուսը մտադիր է նրա դեմ ազգային անվտանգությունը վտանգելու մեղադրանք ներկայացնել:
Այժմ դեռևս պարզ չէ, թե Ղավամիի նկատմամբ ինչ մեղադրանքներ են ներկայացված: Ավելի վաղ այս ամիս նրա փաստաբանը նշել էր, որ նա նոյեմբերի սկզբին դատապարտվել է մեկ տարի ազատազրկման՝ պետության դեմ քարոզ տարածելու համար, բայց երկուշաբթի դատարանը հերքել է, որ որևէ դատավճիռ է կայացվել:
Այնուհետև երեքշաբթի Իրանի դատական համակարգի խոսնակը AFP գործակալությանը հայտնել էր, որ Ղավամին պահվում է երկրի անվտանգությանն առնչվող և «արտասահմանցիների հետ կապերի» պատճառներով:
25-ամյա Ղոնչե Ղավամիին ձերբակալել են հունիսի 20-ին Թեհրանում մարզադաշտի մոտ Իրանի և Իտալիայի տղամարդկանց հավաքականների միջև Վոլեյբոլի համաշխարհային առաջնության խաղն այցելելու փորձի համար:
Դեպքից որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր, որ կանայք, այդ թվում՝ լրագրողները, չեն կարող այցելել վոլեյբոլի խաղերի: Իբր նման արգելքը նախատեսված է կանանց արական սեռի անձանց վատ վարքագծից պաշտպանելու համար: Նրանց նաև արգելել են մասնակցել ֆուտբոլային խաղերին:










