Չես կարող ասել, թե վաղն ինչ կլինի. Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ ԼՂ ուղղաթիռի խոցման մասին

13:57 • 14.11.14

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը երկրի 2015թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցման փաստին, գրում է Haber Turk-ը։

 

Նա հիշեցրել է, որ միջադեպից հետո հայ պաշտոնյաները հակադարձելու խոստում են տվել:

 

«Հավատացե՛ք, աշխարհագրական այդ տարածքում չես կարող ասել, թե վաղն ինչ տեղի կունենա»,-ասել է Յըլմազը:

 

Նա նշել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրները պետք է ուշադրություն դարձնեն դրան:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները: