Քեսաբն այսօր. ռուսական լրատվամիջոցի հատուկ ռեպորտաժը՝ հայաբնակ ավանից (լուսանկարներ)
Տեղանքն այստեղ զարմանահրաշ է. սիրիական Լաթաքիա նահանգի հյուսիսում շքեղ լեռնային անտառներ են, տեսարժան հովիտներ, հայելային լճերում արտացոլվող կանաչ: Սոճիները, թվում է, ձգտում են իրենց գլուխները քսել երկնքին, սակայն չգտնելով այն՝ բավարարվում են ամպերով, երբ դրանք չափազանց ներքև են իջնում. Военное обозрение պարբերականի հոդվածագիրն այսպես է բնութագրում Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանը, որտեղ հոդվածագիրն այցելել է ռազմական գործողությունների ավարտից ամիսներ անց:
Ոչ մեծ Քեսաբ քաղաքի ճերմակ ու վարդագույն տները գեղեցկանում են կապույտ լեռների ֆոնին: Այստեղ կան տարբեր շենքեր՝ թե՛ ժամանակակից բարձրահարկեր, թե՛ փոքրիկ, հին տներ: Աներևակայելի գեղեցիկ բնության ու հրաշալի կլիմայի պատճառով Լաթաքիայի և այլ սիրիական քաղաքների շատ բնակիչներ Քեսաբում ամառանոցներ ունեն: Քաղաքում, հիմնականում, բնակվում են էթնիկ հայեր, նաև՝ արաբներ:![]()
Ինչ-որ ժամանակ այն հայտնի էր իր հոտավետ օճառով՝ ձիթապտղի և դափնու յուղերի հիմքով: Այժմ Քեսաբը բոլորովին այլ փառք ունի, դառը, ինչպես վառոդի ծուխը: Նրա մատույցներում զինյալներն անտառ են այրել և բազմաթիվ ծառերի փոխարեն մնացել են սև կոճղերը:
«Ահա այնտեղ՝ այն գագաթների հետևում արդեն Թուրքիան է»,-ցույց է տալիս տեղաբնակներից մեկն այն ուղղությամբ, որտեղ երկնքի ֆոնին վեր են խոյանում բարձր լեռները:![]()
Այդ տարածքները ևս Սիրիա են: Այնտեղ հին Անտիոքի հողերն են: Սակայն Թուրքիան, որը 4 դար շարունակ իր լծի տակ է պահել Սիրիային, 20-րդ դարում կարողացավ գերտերությունների (հատկապես՝ Ֆրանսիայի) օգնությամբ երիտասարդ պետությունից խլել հողերը, որոնցում, ի դեպ, առաջին քրիստոնյաներն են եղել:
2014թ.-ի գարնանն արդեն Քեսաբը հայտնի դարձավ ո՛չ իր հոտավետ օճառով, և ո՛չ իր աննման գեղեցկությամբ: Նրա անվանումը ցավով էր հիշատակվում շատ լրատվամիջոցներում: Մարտի 21-ին՝ հենց մայրության տոնին, քաղաքի բնակիչներն արթնացան թուրքական կողմից եկող ուժգին ռմբակոծությունից: Տագնապի պահին մարդիկ հազիվ էին հասցրել լքել իրենց տները:
Նրանց մի մասը հասավ Լաթաքիա, մյուսները՝ Հայաստան կամ այլ երկրներ: Այդ ամենը տեղի չէր ունենա, եթե զինյալները չունենային Թուրքիայի աջակցությունը:
Անցել է շուրջ կես տարի, սակայն քաղաքն ու դրա շրջակայքը դեռ կրում են մարտյան հարձակման հետքերը: ![]()
Հեռվից թվում է, թե քաղաքն այնքան էլ չի տուժել, սակայն երբ մոտենում ես կենտրոնին…
«Ահա սա դպրոցն է՝ եկեղեցուն կից, այստեղ տեղակայված էր երաժշտական սրահը»,-երիտասարդ զինվորը մատնացույց է անում քանդված ու թալանված քարե շենքը:
Եվս մի քանի քայլ և տեսնում ես քանդված ու հրկիզված խանութներ, և այժմ կարող ես միայն երևակայել, թե ինչեր են վաճառվել այնտեղ ժամանակին:![]()
Հայ առաքելական եկեղեցին փակ է վերանորոգման համար: Շինությունը շատ չի տուժել, բայց աչք է ծակում զինյալների հանած խաչերը:
Կաթոլիկ եկեղեցու հոգևորականը բացում է դարպասները: Հենց բակում պղծված սրբապատկեր է, թափված քարեր, կոտրված զանգակ և հոգևորականի՝ ականի պայթյունից շրջված գերեզման:![]()
![]()
Ահաբեկիչները չեն խնայել գրքերը, պատռել ու այրել են դրանք:
Բարեբախտաբար, տների մեծ մասը կանգուն է, սակայն տեղաբնակները դժգոհում են. քիչ թե շատ արժեքավոր ունեցվածքը գողացվել է: Պատերին ատելություն սերմանող կարգախոսներ են:
Եվ թեև բնակիչներից շատերն արդեն վերադարձել են իրենց տները, որպեսզի ամեն ինչ նորովի շարունակեն, կան նաև մարդիկ, ովքեր վախենում են վերադառնալ: Ամեն դեպքում Թուրքիան հարևանությամբ է և այդտեղից ցանկացած պահի կարելի է նոր հարձակում սպասել: Էրդողանի ռեժիմը մի փոքր անգամ չի նվազեցրել օսմանյան զավթողական հռետորաբանությունը:










