Լիբիայում Թուրքիայի 9 քաղաքացի է առևանգվել

09:32 • 14.11.14

Լիբիայի Միսուրաթա քաղաքում անհայտ անձինք Թուրքիայի 9 քաղաքացու են առևանգել, այդ մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրների հղումով:

  

Նրանք առևանգվել են դեռևս հոկտեմբերի 31-ին՝ թուրքական հյուպատոսարան ուղևորվելու ճանապարհին, սակայն այդ մասին հայտնի է դարձել ավելի ուշ: Հյուպատոսարանն օգնություն է խնդրել Լիբիայի արտգործնախարարությունից:

 

Առևանգվածներից մեկի կինը պատմել է, որ իր ամուսինը Լիբիա է մեկնել Բենգազի քաղաքի ռեստորաններից մեկում աշխատելու համար: Երկու ամիս անց որոշել է վերադառնալ Թուրքիա՝ Լիբիայում ռազմական դրության վատթարացման պատճառով:

Այդ մասին կնոջը հայտնելուց անմիջապես հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:

 

Կինը զանգահարել է ռեստորանի տիրոջը, ով էլ ասել է, թե ամուսնուն և նրա ընկերներին զինյալներն առևանգել են: