Ամերիկացի կոնգրեսականն իր վրդովմունքն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի վրա հարձակման առնչությամբ

12:08 • 14.11.14

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը՝ Հայաստանին աջակցող խմբի հանձնախմբի համանախագահը, հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ:

 

«Ես վրդովված եմ և վշտացած զորավարժության մեջ ներգրավված ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով: Սա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության ագրեսիայի հերթական օրինակ է և ներկայացնում է նրանց բռնի գործողություններում սրացում, որոնք շարունակում են ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա: Այլևս կասկած չկա, որ նախագահ Բարաք Օբաման պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին նման բռնի ագրեսիայից հետ պահելու և խաղաղությանն ու կայունությանը մեր հանձնառությունը ցուցադրելու համար»,- ասել է նա իր տարածած հայտարարության մեջ:

 

«Ես կոչ եմ անում նախագահ Օբամային պաշտոնապես դատապարտել մահվան պատճառ դարձած այս հարձակումը: Ես նաև կոչ եմ անում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը և խստացնել Ազատության աջակցության որոշման 907-րդ կետը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրվող օգնությունը՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ այդ երկրի ագրեսիայի վրա: Ժամանակն է, որ և՛ նախագահը, և՛ Կոնգրեսն ապահովեն, որ ԱՄՆ օրենքը ևս մեկ անգամ Ադրբեջանին պատասխանատու դարձնի իր բռնի գործողությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները: