Ֆրանսիական ոստիկանությունն արդեն 2 օր է՝ չի կարողանում բռնել ազատության մեջ թափառող վագրին
Ֆրանսիացի ոստիկանները չեն կարողանում բռնել վագրին, որն ազատության մեջ թափառում է Փարիզի մոտակայքում, գրում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ որոնումները հաջողությամբ չեն պսակվել նաև ոստիկաններին օդից օգնության միանալուց հետո: Գիշերը Սեն-է-Մարնի տարածքով թռել է քաղաքացիական պաշտպանության ծառայության ուղղաթիռը, որը զինված է եղել դիտման ջերմապատկերային սարքերով: Նշվում է, որ վերջին անգամ վագրին տեղի բնակիչները տեսել են Պոնկար փոքր քաղաքի շրջակայքում:
Ազատության մեջ թափառող վագրի մասին հաղորդագրությունները հայտնվել են հինգշաբթի օրը: Կենդանին նկատվել է Մոնտեվրեն քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում: Խանութի վաճառողուհին անգամ հասցրել է լուսանկարել կենդանուն:
Դեպքի վայր ժամանած իրավապահները, ինչպես նաև վայրի կենդանիների մասնագետները հայտնաբերել են վագրի թողած հետքերը, որի շնորհիվ հաջողվել է որոշել նրա մոտավոր տարիքն ու քաշը: Մասնագետների գնահատականով՝ երիտասարդ վագրը մոտ 200 կիլոգրամ է կշռում:
Ավելի վաղ ենթադրություն է հայտնվել, որ վագրը փախել է կրկեսից, որը մի քանի օր առաջ ներկայացումներ է ունեցել սուպերմարկետի մոտակայքում: Սակայն պաշտոնական տվյալներով՝ կրկեսում վագրեր չեն եղել: Չի բացառվում, որ վագրը փախել է տեղի առանձնատների հարուստ սեփականատերերից մեկի մոտից:










