Լեհաստանում «մահացած» կինը վերակենդանացել է դիահերձարանում
Լեհաստանի Օստրուվ-Լյուբելսկի քաղաքում նոյեմբերի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել։ Այդ քաղաքի 91-ամյա բնակչուհի Յանինա Կոլկևիչն ուշքի է եկել դիահերձարանի սառնարանային խցիկում՝ շփոթմունք առաջացնելով աշխատակիցների մոտ, ովքեր տեսել են, թե ինչպես է սև պարկով մարմինը հանկարծակի սկսել շարժվել, գրում է РИА Новости-ն։
«Ես կազմել եմ մահվան վկայականը։ Ես ապշած եմ, չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունեցել. նրա սիրտը չէր բաբախում, նա չէր շնչում։ Ես վստահ էի, որ նա մահացել է»,- հայտնել է բժիշկ Վեսլավ Չիժը։
«Վերակենդանացած կնոջ» զարմուհին նշել է, որ կինը գրեթե չի հիշում դիահերձարանում գտնվելը։ «Երբ ես նրան տուն բերեցի, նա դժգոհում էր ցրտից և տաք թեյ խնդրեց»,- պատմել է նա։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, չի բացառվում, որ մահվան վկայական գրած բժիշկը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։










