Շումախերը սպորտում ձեռքբերումների համար մրցանակի է արժանացել

16:11 • 14.11.14

Բեռլինում նոյեմբերի 13-ին կայացել է Bambi Awards-2014 մրցանակաբաշխությունը, որտեղ «Ֆորմուլա- 1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը դարձել է սպորտում ձեռքբերումների համար մրցանակակիր, գրում է korrespondent.net-ը:

 

Հայտնի մրցարշավորդի անունից մրցանակը ստացել է նրա մամուլի քարտուղար Սաբին Քեմը: Այն հանձնել է Red Bull-ի օդաչու Սեբաստյան Ֆետելը:

 

«Թանկագին Միխայիլ, ուղիղ 20 տարի առաջ դու հաղթել ես քո առաջին չեմպիոնական տիտղոսը և ավտոսպորտի իսկական պայթյուն առաջացրել մեր երկրում: Գերմանիայում երեխաները սկսել են քարտինգով զբաղվել, որպեսզի դառնան «Ֆորմուլա- 1»-ի հաջորդ աշխարհի չեմպիոնը, և ես նրանց թվում էի: Եվ ես բառիս բուն իմաստով նայում էի քեզ, քանի որ իմ սենյակում քո նկարով պաստառներ էին կախված»,- ասել է նա՝ նշելով, որ հպարտանում է իրենց ընկերությամբ և ցավում, որ չի կարող մրցանակն անձամբ հանձնել:

 

Սաբին Քեմը Շումախերի անունից շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։

 

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Շումախերը գլխի վնասվածք է ստացել Ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս, ինչից հետո կոմայի մեջ է ընկել: Այս տարվա հունիսին նա դուրս է եկել կոմայից և տեղափոխվել Լոզանի հիվանդանոց, ավելի ուշ նրան տեղափոխել են տուն՝ հետագա վերականգնման համար: