Ադրբեջանի քայլը միջազգային հարթակներում պետք է դիտվի որպես միջազգային ահաբեկչություն. Լարիսա Ալավերդյան
ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ հայկական ուղղաթիռ կործանելու` Ադրբեջանի գործողությունը միջազգային հարթակներում կընկալվի այնպես, ինչպես մինչև հիմա է ընկալվել:
«Այսօր որևէ մեկիս համար նորություն չէ, որ միջազգային հանրությունը շատ լավ էլ պատկերացնում է, թե ով է զինադադարի խախտման կամ էսկալացիայի ալիքի բարձրացման նախաձեռնողը: Գաղտնիք չէ, որովհետև դա Ադրբեջանը չի թաքցնում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ երբ ասում են, թե միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում, այդպես չէ. պարզապես այդ միջազգային հանրության որոշ հաստատություններ շատ անգամ այդպես են արտահայտվում:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նման խնդիր չունի: Ուղղակի խնդիրը նրա պարտականությունների ներքո է, քանի որ հիմա պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կողմից զինադադարն առնվազն՝ այն վայրում, որտեղ ընկած է հայկական խոցված ուղղաթիռը: «Դա առնվազն՝ պետք է դիտարկվի որպես միջազգային ահաբեկչական ակտ: Գործողությունն ինքնին պետական ահաբեկչություն է, քանի որ կա զինադադարի մասին համաձայնություն, դա պետական մակարդակի ահաբեկչություն է Ադրբեջանի կողմից»,-ասաց նա և ավելացրեց. «Մենք ունենք Անջեյ Կասպրշիկ, և այսօր հենց այն օրն է, որ նա կարողանա արդյունավետ միջամտության ցուցաբերել»:










