Երևանում հաշվառվել է 1 մլն 350 հազ. ծառ, որը, իհա´րկե, բավարար չէ. Սուրեն Մաքսապետյան

21:56 • 15.11.14

Մութ ու ցուրտ տարիներին Երևանում կտրվել է մոտ 170-200 հազ. ծառ, իսկ ներկայում մայրաքաղաքում հաշվառվում է 1 մլն 350 հազ. ծառ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ծառերի այս քանակը բավարար չէ, ուստի պարբերաբար մայրաքաղաքում ծառատունկ է կազմակերպվում:


«Վերջերս պատկերասրահի ետևի նոր այգում տնկեցինք 90 հատ ծառ, որոնք երեխայի պես պետք է խնամենք: Ընդհանրապես՝ մայրաքաղաքում հիմնականում տնկում ենք տնկաձև ակացիաներ, սոսիներ, կաղնիներ, հացենիներ, թխկիներ, բարդիներ և մշտադալաներից հիմնականում Կիպարիս»,-ասաց նա և ընդգծեց, որ ամռան տապին ստվեր ստեղծելու համար Երևանում, մասնավորապես, տնկում են սոսիներ, կաղնիներ, հացենիներ:


Սուրեն Մաքսապետյանը նաև նշեց, որ ներկայում կենտրոնը հիմնականում ծառապատված է այնքան, որքան հնարավոր է եղել: Ինչ վերաբերում է ծայրամասերին, ապա վերջինս նշեց. «Ծրագիր կա, որ մինչև 2025 թ-ը արվարձաններում ստեղծվեն բուֆերային գոտիներ՝ քամու թուլացման, փոշու կլանման համար: Դրանց տարածքներն են՝ Փարոսի անտառ-պուրակը, Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդը, Կարմիր բլուրը»,-ասաց նա: