ՀԴԲ-ի գործակալները դրդել են Մարտին Լյութեր Քինգին ինքնասպանության. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ում նոր թափով վեճեր են սկսվել մարդու իրավունքների ու ազատության և հատուկ ծառայությունների՝ քաղաքացիների կյանք ներխուժելու սահմանների վերաբերյալ։ Պատճառը Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվի բացահայտված փաստաթղթերն են, որոնք փաստեր են ավելացրել Մարտին Լյութեր Քինգի սպանության գործում կառավարական դավադրության մասին վարկածի կողմնակիցներին համար, գրում է НТВ-ն։
ՀԴԲ-ի կողմից Ամերիկայի ազգային հերոս և նրա պատմության մեջ սևամորթների իրավունքների գլխավոր մարտիկ Քինգին ուղարկված նամակի մասին պատմաբանները և լրագրողները գիտեին դեռևս 40 տարի առաջ, սակայն մինչ օրս ոչ ոք չի տեսել դրա ամբողջական տարբերակը։ Միայն այժմ այն ժամանակ ՀԴԲ-ի ղեկավար Էդվարդ Գուվերի անձնական փաստաթղթերում հայտնաբերվել է օրիգինալը, որը շատ է տարբերվում նրանից, ինչ ցույց են տվել նախկինում։
Նամակում ասվում է Քինգի դեմ հավաքված նյութերի մասին, որոնք իշխանությունները սպառնում են հրապարակել, եթե Քինգը չդադարեցնի իր գործունեությունը։ Եվ այդ ամենն ուղեկցվում է վիրավորանքներով։
Հատված նամակից՝ «Դու կեղտոտ, աննորմալ կենդանի։ Դու ոչնչություն ես և խայտառակություն բոլոր նեգրերի համար»։ Սրանով նամակի հեղինակը չի բավարարվում. վերջում Քինգին բացահայտ հրահրում են ինքնասպանություն գործել։ «Քինգ, դու ունես միայն մեկ տարբերակ, և դու գիտես որը։ Դու ունես դրա համար 34 օր։ Քո վերջը եկել է», ասվում է նամակում։










