Բրիտանուհի «Սպիտակ այրի» ահաբեկիչը ողջ է և գտնվում է Սոմալիում. The Daily Mail (լուսանկարներ)

09:56 • 15.11.14

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սամանթա Լյութվեյթը, ով հայտնի է «Սպիտակ այրի» մականունով, ողջ է և այժմ գտնվում է Սոմալիում։ Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչուհին սպանվել է «ռուս դիպուկահարի» կողմից Ուկրաինայի արևելքում, գրում է РИА Новости-ն։

 

Ինչպես հայտարարել էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն, բրիտանացի ահաբեկիչ Սամանթայի մասնակցությունն Ուկրաինայի արևելքում «Այդար» գումարտակի կազմում, ինչպես նաև նրա սպանությունը չեն համապատասխանում իրականությանը։

 

Բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնում է, որ Լյութվեյթն ապրում է Սոմալիի հարավում ամուսնու հետ, ով անվանում է իրեն «Մարկո Կոստա»։

 

Պարբերականի տվյալներով՝ «Կոստայի» անձնագրի լուսանկարում պատկերված է Ֆամի Ջամալ Սալիմը, ով թաքնվում է Քենիայի ոստիկանությունից՝ 2011-ին երկու քենիացի ոստիկանի սպանելուց հետո։

 

«Մենք կարծում ենք, որ ունենք տեղեկություն Լյութվեյթի կյանքի և գտնվելու վայրի մասին։ Նա ամուսնացած է Սալիմի հետ, և նրանք 2 փոքր երեխա ունեն»,- գրում է պարբերականը։

 

Հաղորդվում է նաև, որ Լյութվեյթն ամուսնու հետ մասնակցում է «Աշ- Շաբաբ» խմբավորման գործողություններին և նախատեսում է հետագա ահաբեկչություններ Քենիայում և Սոմալիում։ Եվս մեկ ապացույց, որ «սպիտակ այրին» ամուսնու հետ գտնվում է Սոմալիում, դարձել է համատեղ լուսանկարը՝ արված իրենց տանը։

 

Նշվում է, որ 30-ամյա Սամանթան մահապարտ-ահաբեկչի այրի է։ Նա ճանապարհորդել է կեղծ փաստաթղթերով։

In love: Lewthwaite and Fahmi Jamal Salim appear in a 'selfie' taken at their home in Somalia