ԼՂՀ ուղղաթիռի խոցման մասով մեր տեսակետը պետք է ներկայացնենք բազմամիլիոն լսարանի. Արտակ Դավթյան
ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը` անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ԼՂՀ ԶՈւ ուղղաթիռի խոցման դեպքի վերաբերյալ միջազգային անդրադարձին, ասաց, որ քաղաքական գործիչները, լրագրողները իրենց անելիքն ունեն ճշմարտությունը` միջազգային հանրությանը ներկայացնելու հարցում:
«Արևմտյան երկրներում, որտեղ կա խոսքի, մամուլի ազատություն, բազմակարծություն, Ադրբեջանը կարողանում է ներկայացնել իր տեսակետը, և մենք էլ պետք է փորձենք մեր տեսակետը հայտնի դարձնել այնպիսի լսարանի, որը բազմամիլիոնանոց է»,- ասաց Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով կոնկրետ «Եվրանյուզ»–ի անդրադարձին՝ պատգամավորն ասաց, որ այն իրականությունն էր արձանագրել, ինչը բավականին լուրջ հաջողություն է:
«Դա Եվրոպայի հասարակ քաղաքացիների համար օբյեկտիվ, կարճ և մատչելի տեղեկատվություն էր, ինչպես նաև հասցեական հաղորդագրություն էր»,- ասաց նա և նշեց, որ դա ոչ միայն ուղղված էր հարյուրավոր միլիոն ունեցող լսարանին, այլ հենց նույն Ադրբեջանին:










