Սկսվել է Դոնեցկի շրջանից մալայզիական «Բոինգի» բեկորների դուրսբերումը
Մասնագետները սկսել են Ուկրաինայի Դոնեցկի շրջանից դուրս բերել հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում ընկած մալայզիական «Բոինգ»-ի բեկորները, գրում է lenta.ru-ն: Ինքնաթիռի բեկորներով առաջին ավտոմեքենան ժամանել է Պելագեևկա կայանի մոտ գտնվող պահեստ, որտեղ բեկորները կտեղադրեն երկաթուղային վագոնի մեջ և կուղարկեն Խարկով:
«Բեկորները կուղարկվեն Խարկով փորձագետների կողմից հետագա հետազոտության համար: Թե ուր դրանք կուղարկվեն Խարկովից, ես չեմ կարող ասել»,- հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսեյ Կոստրուբիցկին:
Միևնույն ժամանակ աղետի վայրում հոլանդացի փորձագետները ԵԱՀԿ-ից դիտորդների հետ միասին շարունակում են «Բոինգ»-ի բեկորների հավաքումը: Հաղորդվել է նաև, որ ինքնաթիռի ընկնելու վայրում գտնվել են մարդկանց մնացորդներ:
Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռն ընկել է 2014 թվականի հուլիսի 17-ին: Ինքնաթիռում է եղել 298 մարդ, նրանցից ոչ մեկ կենդանի չի մնացել: Ինքնաթիռի կործանման պատճառը մինչև այժմ չի պարզվել: Վարկածներից մեկի համաձայն՝ այն կործանվել է հրթիռ հարվածի հետևանքով։










