65 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինները մահացել են 10 րոպե տարբերությամբ

17:36 • 16.11.14

65 տարի իրար հետ ապրած զույգը մահացել է իրարից ընդամենը 10 րոպե տարբերությամբ, գրում է mirror.co.uk-ը: Զույգն ապրում էր բրիտանական Դերբիում գտնվող Սուրբ Վերբուրգի խնամքի տանը, որտեղ նրանք նշել էին իրենց ամուսնության 65-ամյա տարեդարձը: 

Ստեֆեն Քրեսվելը պատմել է, որ իր մորաքույրն ու նրա ամուսինը՝ Հարի և Մևիս Սթիվենսոնները, ովքեր մահացել են րոպեների տարբերությամբ, սիրով լցված իրենց կյանքի «լավագույն ավարտն» են ունեցել: Քրեսվելը գիտեր, որ իր 89-ամյա մորաքույրը վատառողջ էր, բայց չէր սպասում, որ նրա 88-ամյա ամուսինը նույնպես կմահանա: 

«Նրանք չէին ուզենա առանց իրար ապրել, այնպես որ կարծում եմ, դա նրանց կյանքի համար լավագույն ավարտն էր»,-ասել է նա։ 

Խնամքի տան աշխատակիցների խոսքերով՝ նրանք եղել են իրենց սենյակներում, երբ Մավիսը մահացել է: Այնուհետև իրենք զգուշությամբ ասել են Հարիին նրա մահվան մասին: Բուժքույրերի խոսքերով՝ նա մի քանի արցունք է թափել, և ընդհանուր առմամբ հանգիստ է ընդունել լուրը: Այնուհետև իրենք դուրս են եկել, իսկ վերադառնալուց հետո Հարիին մահացած են գտել: 

«Նրանք այնքան ջերմորեն էին կապված, և նրանց սերն այնքան մեծ էր: Դա ամենաուժեղ կապն էր, որ կարելի է պատկերացնել»,- Mirror-ին պատմել են բուժքույրերը:
 

Harry and Mavis on their wedding day