ԻՊ գրոհայինները գլխատել են ԱՄՆ քաղաքացուն և տարածել մահապատժի տեսանյութը
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գլխատել են պատանդ վերցրած ԱՄՆ քաղաքացի Պիտեր Քեսիգին և տարածել են նրան մահապատժի ենթարկելու տեսանյութը, գրում է lenta.ru-ն:
«Իսլամական պետությունում» հայտարարել են, որ մահապատիժը դարձել է Միացյալ Նահանգների ղեկավարությանը նախազգուշացում:
Associated Press-ը նշում է, որ 16 րոպե տևողությամբ տեսանյութը հրապարակվել է սոցցանցում խմբավորման էջում: Տեսանյութում նաև ցուցադրվում է պատանդ սիրիացի զինվորների զանգվածային մահապատիժը:
Ավելի վաղ The Daily Mail-ը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն ամերիկյան ռմբակոծությունների հետևանքով վիրավորվել է «Իսլամական պետության» անդամը, ով գլխատել է երկու բրիտանացիների և ամերիկացի լրագրողների:
Գրոհայինը, հավանաբար, վիրավորվել է նույն հարձակման ժամանակ, որի հետևանքով, ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորվել է ԻՊ առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բագդադին:
Պաշտոնապես այդ տվյալները չեն հաստատվել:
Պիտեր Քեսիգը զինվորական ծառայություն էր անցնում Իրաքում 2007 թվականից: Դրանից հետո նա մեկնել է Լիբանան, որտեղ օգնություն է ցուցաբերել Սիրիայից փախստականներին: Քեսիգը գերի է ընկել 2013 թվականի հոկտեմբերի 1-ին:










