Օբաման Ռուսաստանին խորհուրդ է տվել Ուկրաինայի հարցում այլ ճանապարհ ընտրել

14:27 • 16.11.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները կթուլացվեն միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «այլ ճանապարհ ընտրի» Ուկրաինայի արևելքում ընթացող կոնֆլիկտի հարցում։ Այդ մասին նա հայտարարել է G20 վեհաժողովի շրջանակներում Ուկրաինայի իրավիճակի հարցերով ԵՄ երկրների և ԱՄՆ առաջնորդների հանդիպմանը, գրում է lenta.ru-ն:


«Մենք չէինք ցանկանա Ռուսաստանը մեկուսացած տեսնել այնպես, ինչպես այսօր է»,- ասել է Օբաման՝ նշելով, որ ԱՄՆ-ն կնախընտրեր Ռուսաստանը տեսնել «համաշխարհային տնտեսության մեջ ամբողջովին ինտեգրված»:


Սակայն, նրա խոսքերով, ռուսական իշխանությունները շարունակում են աջակցել Ուկրաինայի արևելքում անջատողականներին՝ մասնավորապես «նրանց ծանր սպառազինություն տրամադրելով»:


Բարաք Օբաման ընդգծել է, որ դա խախտում է ինչպես մինսկյան պայմանավորվածությունները, այնպես էլ միջազգային սկզբունքները:


«Այդ սկզբունքներից մեկն այն է, որ ոչ մեկ չի կարող ներխուժել այլ երկիր և փորձել այն քանդել այն ժամանակ, երբ այնտեղ կան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար մեխանիզմներ»,- հայտարարել է նա: