Պուտինը վաղաժամ լքել է G20-ի վեհաժողովը՝ փոքր-ինչ քնելու նպատակով

11:46 • 16.11.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ լքել է ավստրալական Բրիսբեն քաղաքում «Մեծ քսանյակի» վեհաժողովը: Ընդ որում՝ նա հայտարարել է թռիչքից առաջ, որ վեհաժողովն անցկացվել է «բարեկամական և գործնական» մթնոլորտում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


ՌԴ առաջնորդը վեհաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիս է հրավիրել կիրակի առավոտյան, երբ G20 վեհաժողովի մյուս մասնակիցները հավաքվել են աշխատանքային նախաճաշի շուրջ:


Եզրափակիչ կոմյունիկեի հրապարակումից առաջ Բրիսբենը լքելու իր որոշումը Պուտինը բացատրել է իր հագեցած գրաֆիկով և փոքր-ինչ քնելու անհրաժեշտությամբ:


«Որպեսզի այստեղ ենթադրություններ չլինեն, թե ինչու ես չեմ գնացել նախաճաշի, այստեղ մնացել է ֆինանսների նախարարը (Անտոն Սիլուանով), և նա կհայտնի այն, ինչ ես պատմել եմ Էբոլայի դեմ պայքարի ուղղությամբ մեր ջանքերի մասին»,- ասել է Վլադիմիր Պուտինը:


«Մենք այստեղից մինչև Վլադիվոստոկ ինը ժամ պետք է թռչենք և Վլադիվոստոկից մինչև Մոսկվա ևս ինը ժամ: Դեռ պետք է տուն հասնել և երկուշաբթի օրը պետք է աշխատանքի գնալ: Գոնե չորս-հինգ ժամ պետք է քնել»,- ասել է Ռուսաստանի նախագահը լրագրողներին: