Լուրջ աշխատանք պետք է տարվի Թուրքիայի ծպտյալ հայերին երևան բերելու համար. Թուրքայ Աբդուլգաֆուր

09:19 • 17.11.14

Թուրքիայի բոլոր ծպտյալ հայերը մեծ մասամբ գիտեն իրենց հայ լինելու մասին, բայց Ցեղասպանությունից փրկվածները, որոնք 4-5 միլիոն են կազմում, հարյուր տարվա ընթացքում ձուլման են ենթարկվել, ինչի արդյունքում կարելի է ասել՝ քրդացել են, որովհետև հիմնականում քրդական տարածքներում են ապրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ծագումով հայ, Սուրբ Կիրակոս եկեղեցու ատենապետների խորհրդի ղեկավար Թուրքայ Աբդուլգաֆուրը: «Կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն այս մարդկանց երևան բերելու համար»,- ասաց նա:

 

Նա պատմեց, որ 3-4 տարի առաջ Դիարբեքիրում ընդամենը 3-4 հոգի կային, որոնք ընդունում էին իրենք հայ լինելը, սակայն այսօր բազմաթիվ աշխատանքների արդյունքում նրանք շատացել են և այդ հայերով նույնիսկ տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր Սուրբ Կիրակոս եկեղեցում նախաճաշում են միասին:

 

«Ամենավերջին նախաճաշին 82 հոգի կար: Այսօր մոտավորապես 140-150 հոգի հայ կա, որոնց մեծ մասը ինքնությամբ մուսուլման են, սակայն տեր են կանգնում նաև իրենց հայկական ինքնությանը»,-նշեց նա և ավելացրեց, որ Դիարբեքիրում հայ լինելը իսկապես դժվար է, թեև 3-4 տարի առաջվա համեմատ մթնոլորտն ավելի հանգիստ է:

 

Թուրքայ Աբդուլգաֆուրը նշեց, որ մտավորականների շնորհիվ խղճով մարդկանց շրջանակը լայնանում է և որքան նման մարդիկ շատանում են, այնքան փոփոխությունը և առաջընթացը նկատելի է լինում:



Ինչ վերաբերում է իր հայ լինելուն, ապա նա ասաց, որ ինքն այդ մասին ի ծնե իմացել է: «Մենք սասունցի ենք և Սասունում շատ մեծ ընտանիք ենք ունեցել, որից փրկվել է ընդամենը 3 հոգի` իմ պապիկը, պապիկիս եղբայրը, և եղբոր տղան: Մենք` Թուրքիայում մնացածներս միշտ գիտեինք, որ հայ ենք, և ընտանիքում քիչ իմացած հայերենով ենք խոսել, սակայն տանից դուրս մենք մուսուլմանի ինքնությամբ էինք ապրում»,-պատմեց նա:

 

Թուրքայ Աբդուլգաֆուրը նշեց, որ իր ինքնությունը հաստատող փաստաթղթի կրոնի բաժնում նախկինում գրված էր իսլամ, սակայն հինգ տարի առաջ, երբ սկսեցին այս աշխատանքները, առաջին բանը, որն արել է, դա կնքվելն է և ինքնության քարտում քրիստոնյա նշելն է եղել:

 

«Դա ինձնով սկսվեց և վերջին 3-4 տարվա ընթացքում Դիարբեքիրում 25 հոգի մկրտվել է և ինքնության քարտում փոխել է կրոնի պատկանելիությունը»,-ասաց նա:

 

Նա նաև նշեց, որ Թուրքիայի տարբեր տարածքներում հայերը ստեղծում են հայրենակիցների միություններ և փորձում այդպես ինչ-որ բաների հասնել:

 

Հարցին, թե հաշվի առնելով, որ Հայաստանը լրջագույնս պատրաստվում է Ցեղասպանության 100–րդ տարելիցին, տեղյա՞կ է, թե Թուրքիան ինչ հակաքայլեր է պատրաստվում իրականացնել, նա պատասխանեց.«Շատ լուրջ պատրաստություն կա, որի մասին մենք հաստատ չգիտենք: Թեև կարող ենք ասել, որ քայլերը են արվում մտավորականների մտքերը չորացնելու ուղղությամբ»: