Մեր պոչամբարների անվտանգությունը չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին. Սիլվա Ադամյան
Հայաստանում պոչամբարները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչի հետևանքով վտանգի տակ է մարդկանց կյանքն ու առողջությունը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով ԱԻՆ-ի կողմից փոխանցած տեղեկատվությանը, թե այսօր Սյունիքի մարզի Արծավանիկի պոչամբարում քաղաքացին սայթաքել և ընկել է պոչամբարը: Սիլվա Ադամյանն ընդգծեց, որ Հայաստանում պոչամբարները ո´չ միայն բաց են, այլ նույնիսկ ցանկապատված չեն, և ցանկացած մարդ կամ անասուն ազատ կարող է մուտք ունենալ այնտեղ:
«Մեր պոչամբարների դարը վաղուց անցել է, պարզապես դրանք շատ ավելի քիչ ծախս են պահանջում, ուստի ներդրողները բավական չէ, որ հանքերն են բաց շահագործում, պոչամբարներն էլ բաց են թողնում: Եվրոպական երկրներում այսօր պոչամբարներ չկան, որովհետև նրանք պոչանքի նյութերը պրեսինգի են ենթարկում, լցնում են հատուկ պլաստմասե տարաների մեջ, ամայի տարածքում մեծ խորության վրա թաղում, իսկ վրան՝ այգի տնկում»,-ասաց նա:
Սիլվա Ադամյանն ընդգծեց, որ Հայաստանում չկա գեթ մեկ օրինակելի պոչամբար, բոլորը կառուցված են թերություններով:
«Ես եղել եմ Ղարաբաղի Դրմբոնի պոչամբարում. առաջին պահից՝ թվում է, թե այն մյուսների համեմատ բարվոք վիաճակում է, բայց մոտենալով՝ հասկացանք, որ մարդիկ ու անասունները հանգիստ կարող են մտնել այնտեղ, անասունը կարող է արածել այդ տարածքում, ինչը անթույլատրելի է: Նույն Արծվանիկի պոչամբարը խայտառակ վիճակում է, մի քանի անգամ այնտեղի բնակիչները բողոքել են, գրել են մեզ դրա մասին, բայց ոչ մեկը դրանով չի զբաղվում»,-ասաց նա:
Բնապահպանը նաև նշեց, որ այսօր գործող օրենքի համաձայն՝ շահագործված հանքի պոչամբարը կարող է որևէ ընկերություն գնել, զտել օգտակար նյութերը, բայց թե մնացած թունավոր նյութերի հետ ինչպես պետք է վարվել, դարձյալ անորոշ է:
«Բացի այդ, հանքը շահագործող ընկերությունները պարտավորություն ունեն պոչամբարի տեղանքում ռեկուլտիվացիա իրականացնել, այսինքն՝ պոչամբարը ծածկել հողով և այգի աճեցնել, բայց ես դեռ Հայաստանում չեմ տեսել, որ նորմալ ռեկուլտիվացիայի ենթարկեն պոչամբարը»,-ասաց նա:










