Հնարավորությունների բյուջե. Թաթուլ Մանասերյանի գնահատականը 2015թ. բյուջեի նախագծին

12:46 • 17.11.14

2015 թվականի պետական բյուջեն հնարավորությունների բյուջե է և այնտեղ շատ համեստ թվեր են ներկայացված հատկապես՝ եկամուտների մասով: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի գնահատական հնչեցրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, թե պետական բյուջեի եկամուտները շատ ավելին կարող են լինել:


«Այն, ինչ ներկայացված է բյուջեի օրենքի նախագծում, որոշակի միտում է իր մեջ պարունակում. ներկայացնել համեստ թվեր, դրանք հնարավորինս գերակատարելու ակնկալիքով»,- ասաց Թաթուլ Մանասերյանը, ընդգծելով, թե սա նոր երևույթ չէ:


Տնտեսագետի կանխատեսմամբ՝ չի բացառվում, որ ինչպես 2014 թվականին, այնպես էլ 2015-ին համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ որոշակի անկման միտումներ արձանագրվեն, որոնք կազդեն նաև Հայաստանի տնտեսության վրա:


Մյուս կողմից էլ, ըստ Թաթուլ Մանասերյանի՝ պետք է հաշվի առնել, որ որոշակի դժվարություններ են սպասվում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու համատեքստում:


«Ես չեմ կիսում այն տեսակետը, որ դա մեզ համար ինքնիշխանության կորուստ է կամ մեզ սև օրեր են սպասվում: Դա, իհարկե, հնարավորությունների նոր դաշտ է բացում, և այդուամենայնիվ, բավական լուրջ ռիսկեր են մեզ սպասվում, որը ժամանակավոր կարող է բերել նաև որոշակի ցուցանիշների վատթարացման»,- ասաց Թաթուլ Մանասերյանը՝ ավելացնելով, թե սրան մենք պետք է պատրաստ լինենք:


Նա ասաց նաև, թե ՀՀ-ն տնտեսական աճ արձանագրելու բավական լավ հնարավորություններ ունի, հատկապես՝ օգտվելով տասնապատիկ ավելի սպառողական շուկայի հնարավորություններից:


Այդուհանդերձ, տնտեսագետն այն համոզմանն է, որ պետբյուջեում ներկայացված տնտեսական աճի թվերը հարիր չեն մեզ, քանի որ մենք կարող ենք երկնիշ թիվ ապահովել:


«Մեր սցենարներից մեկը, որ անվանում ենք բուֆերային, սփյուռքը որպես սպառողական շուկա դիտարկելն է: Կան բոլոր նախապայմանները՝ կրկնապատկելու, եռապատկելու 2015 թվականի արտահանման ծավալները, ինչը կբերի առևտրային հաշվեկշռի հավասարակշռմանը, դա իր հետ կբերի տեղական արդյունաբերության զարգացման և սոցիալական խնդիր կլուծի»,- հայտարարեց տնտեսագետը: