Թուրք-ադրբեջանական համագործակցությունը՝ թուրքագետների հայացքով
Ինչպես 1993 թվականին, այնպես էլ այսօր չկան իրական նախադրյալներ, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում Թուրքիան հակամարտության մեջ ներքաշվի որպես երրորդ կողմ. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
«Ես այսօր չեմ տեսնում պայմաններ, որոնք թույլ կտան, որպեսզի Թուրքիան ուղղակիորեն ներխուժի կամ դառնա պատերազմող կողմ: Անշուշտ, կլինի տարատեսակ աջակցություն՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, ֆինանսական, բարոյական, տեխնիկական և այլն: Թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետագա տարիներին Թուրքիան էապես աջակցել է Ադրբեջանին և ապագայում ևս կշարունակի օժանդակել: Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ չեն վերացել այն գործոնները, որոնք 1993 թվականին Թուրքիային զսպեցին ներխուժել Հայաստան կամ ներքաշվել պատերազմի մեջ»,-նկատեց թուրքագետը:
Ի պատասխան դիտարկման, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցումից հետո տեսակետներ հնչեցին, թե Ադրբեջանը միանշանակ պատերազմական գործողությունների վերսկսման ձեռնոց է նետել, ինչը կարող էր լինել միմիայն Թուրքիայի աջակցությունն ունենալու դեպքում, թուրքագետն արձանագրեց. «Եթե հանկարծ Ադրբեջանը գնա նման արկածախնդրության, անշուշտ, դժվար է պատկերացնել, որ դա կարվի առանց Թուրքիայի հավանության կամ աջակցության»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը երկրի 2015թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել էր Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցման փաստին՝ հիշեցնելով, որ միջադեպից հետո հայ պաշտոնյաները հակադարձելու խոստում են տվել, ապա ավելացրել. «Հավատացե՛ք, աշխարհագրական այդ տարածքում չես կարող ասել, թե վաղն ինչ տեղի կունենա»:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում արձանագրեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ տարիներ ի վեր Թուրքիայի և Ադրբեջանի միջև դինամիկ երկկողմ համագործակցություն կա, վերջին շրջանում՝ նաև ռազմական արդյունաբերության ոլորտում՝ ինչպես ուղղակի գնումների, այնպես էլ ռազմաարդյունաբերական նախագծերի ոլորտում:
«Դիտարկումները ցույց են տալիս, որ այդ համագործակցությունը դինամիկ զարգանում է, և դա են վկայում վերջին շրջանի բարձրաստիճան պատվիրակությունների այցերը Ադրբեջան: Ընդամենը օրեր առաջ՝ Հատուկ նշանակության ուժերի հրամանատարն էր Ադրբեջանում, որին հաջորդեց Ժանդարմերիայի հրամանատարի այցը, դրանից առաջ Թուրքական երրորդ բանակի հրամանատարի այցն էր: Այսինքն՝ պարբերական, հաճախակի այցելություններ կան»,- արձանագրեց թուրքագետը:
Նա նաև փաստեց, որ Ադրբեջանի ուժային համակարգում և ընդհանրապես պաշտպանական ոլորտի նկատմամբ Թուրքիան ձեռք է բերել լուրջ ազդեցություն. «Միգուցե նաև ռազմական մասով որոշումների կայացման, պլանավորման, օպերատիվ մշակման հարցերում»:
Ինչ վերաբերում է զինատեսակների գնմանը, ապա նա հիշատակեց, թե բավական ձեռնտու պայմաններով Ադրբեջանը Թուրքիայից ձեռք է բերում Տ-300 թուրք-չինական արտադրության հրետանային համալիրներ, թեթև սպառազինության ոլորտի զինտեխնիկա, հիմա որոշակի տեղեկատվություն կա Թուրքիայում արտադրվող Տ -128 ռազմական նշանակության բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների ձեռք բերման վերաբերյալ: Առաջարկվել է նաև սեփական՝ թուրքական արտադրության տանկերի վաճառք, բայց վերջական արդյունքի վերաբերյալ դեռևս չի հաղորդվում:
«Եվ մեկ կարևոր հանգամանք ևս, որը վերաբերում է թուրք-ադրբեջանական համագործակցությանը. Թուրքիայի դերը բավականին աճել է նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ՝ ռազմական առումով: Եվ վերջերս, երբ Նախիջևանի 5-րդ կորպուսը վերակազմավորվեց առանձին զորամիավորման, դրանից հետո զգացվում էր Թուրքիայի կողմից ռազմական ոլորտում լուրջ ուշադրություն Նախիջևանին»,-ներկայացրեց թուրքագետը:
Նա հավելեց, որ կան փաստեր, որոնք վկայում են, որ թուրքական ռազմական խորհրդատուների խումբ է գործում Նախիջևանում:
Հիշեցնենք, որ պանթուրքիզմի դասական սահմանմամբ՝ պանթուրքիզմը թյուրքալեզու ժողովուրդների ազգային, ռասսայական գաղափարախոսությունն է՝ Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան թուրքալեզու ժողովուրդների՝ մի միավորման մեջ համախմբմամբ: Այն ծրագրված է կենսագործել 3 փուլով, որի 2-րդ փուլը Օղուզականությունն է՝ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանի հյուսիսային շրջանները պետք է միավորվեն մեկ պետության մեջ, 3-րդը՝ Պանթուրանիզմը՝ Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս, Չինաստանից մինչև Հյուսիսային Կովկաս:
Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե չնայած Թուրքիայում մշտապես առկա պանթուրքիստական տրամադրություններին՝ լատենտ կամ բացահայտ ձևով, այնուամենայնիվ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ նախագահական պաշտոնավարության օրոք ի՞նչ կոնկրետ դրսևորումներ է ունենում և ունենո՞ւմ է արդյոք, նկատեց, որ նրա կողմից 2071 թվականը, որպես թուրքական պետության զարգացման հեռահար թիրախ, իրականում ուղղված է հենց համաթուրքականության գաղափարին:
«Եթե ոչ դրա վերածննդին, ապա՝ նորովի մատուցմանը, որովհետև 2071 թվականին, հայտնի է, որ Թուրքիան ցանկանում է նշել Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը: Այսինքն՝ երբ թուրք-սելջուկները հայտնվեցին մեր տարածաշրջանում և դրանով ազդարարեցին իրենց պատմական արշավը դեպի արևմուտք»,-նկատեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ համաթուրքականության առավել խորհրդանշական դրսևորումներ Էրդողանի կողմից գրեթե միշտ են լինում՝ թե՛ իր ելույթներում, թե՛ իր նոր նստավայրի ճարտարապետական ոճում սելջուկյան մոտիվների առկայությամբ, թե՛ իր նախընտրական պայքարի ընթացքում ցուցադրված գովազդային հոլովակներում, և այլն:










