ԵՄ-ն ողջունել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների առաջին փուլի ավարտը

16:44 • 17.11.14

ԵՄ խորհուրդը ողջունել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների առաջին փուլի ավարտը, բայց չի նշել վիզաների վերացման որևէ ամսաթիվ: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որը տարածել է արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհուրդը, որի նիստն անցկացվում է այսօր Բրյուսելում, հաղորդում է ТАСС-ը

 

«ԵՄ խորհուրդը հաստատում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հաստատման խնդրի իրականացմանն իր հավատարմությունը»,- ասված է հայտարարության մեջ:

 

ԵՄ խորհուրդը ողջունել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների առաջին փուլի ավարտի մասին հոկտեմբերի 29-ին հրապարակված Եվրահանձնաժողովի զեկույցը: ԵՄ արտաքին գործերի նախարարները նաև հաստատել են, որ «Վրաստանն իրականացրել է Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ գործողությունների պլանի իրականացման առաջին փուլի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները»:

 

Վրաստանի հետ վիզաների հնարավոր վերացման ժամկետների մասին ոչ մի ամսաթիվ ԵՄ խորհրդի հայտարարության մեջ չկա, գրում է ТАСС-ը: