Կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող հանձնաժողովի առաջին նիստը

17:32 • 17.11.14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանձնաժողովի կազմում ներգրավված են Երևանի քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, վարչությունների պետեր, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների տնօրեններ։ 

Նիստի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Երևան քաղաքում նախատեսվող միջոցառումների ցանկի քննարկումը, հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելն ու կազմակերպչական այլ հարցեր։  

«Ներկայացված ծրագիրը ենթակա է համալրման, և այն ամբողջացնելու, վերջնական տեսքի բերելու համար պարբերաբար հրավիրելու ենք նիստեր՝ լսելու հանձնաժողովի անդամների առաջարկությունները։ Ակնկալում եմ ճանաչողական բնույթի միջոցառումներով հագեցած ընդգրկուն ծրագիր։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Երևանի քույր և գործընկեր մի շարք քաղաքներում հուշաքարեր, խաչքարեր արդեն տեղադրվել են, նաև դեռ պետք է տեղադրվեն ու պետք է կազմակերպվեն ցուցադրություններ։ Բացի այդ, Երևանը բազմաթիվ հյուրեր է ընդունելու տարբեր պետություններից և պետք է հավուր պատշաճի պատրաստ լինենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և, որպես ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, կոչ արել ակտիվ մասնակցություն ունենալ նաև պետական հանձնաժողովի ծրագրերին և նախաձեռնություններին: 

Նիստում հաստատվել է նաև հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմը, քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր։ 

Տարոն Մարգարյանն առաջարկել է ծրագրում փոփոխություններն ու լրացուցիչ առաջարկները մեկամսյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբին: