Ռուսաստանի ոստիկանությունը ծառայողական եղջերուներ կգնի

08:42 • 18.11.14

ՌԴ ներքին գործերի նախարարությունը դիտարկում է հյուսիսային եղջերուների գնման հարցը, գրում է «Известия» թերթը՝ հղում անելով գերատեսչության կենտրոնական մարմնում իր աղբյուրին:


Այսպես, Յամալո-Նենեցի ինքնավար շրջանի ոստիկանները բողոքել են, որ շրջանում հանցագործությունների մեծ մասն իրականացնում են փոքրաթիվ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, որոնք թաքնվում են իրենցից տունդրայում և այլ դժվարհասանելի վայրերում: Նրանց հետապնդելու, բաժանմունք հասցնելու և հանցագործություններին օպերատիվ կերպով արձագանքելու համար, ոստիկանները ցանկանում են իրենց ծառայողական «ավտոտնակում» հյուսիսային եղջերուներ ունենալ:


«Մենք իհարկե ունենք ձնագնացներ, բայց պետք է հասկանալ, որ տեխնիկան տեխնիկա է: Ձնագնացը կարող է փչանալ և արգելափակվել տունդրայում, իսկ եղջերուն միշտ կվազի: Եղջերուներն օգտակար կլինեին նաև ոստիկանության աշխատակիցների համար, ովքեր ցանկանում են շրջել հեռակա շրջաններում: Բացի կարգի պահպանությունից մեր ոստիկանները տարբեր տեսակի օգնություն են ցուցաբերում բնակիչներին և տունդրայից հանում են հիվանդներին»,- «Известия» թերթին պատմել է շրջանում ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Պիմկինան: