Հարվարդի դեմ դատական հայց են ներկայացրել ռասայական հողի վրա դիմորդների նկատմամբ խտրականության համար
Ամերիկյան Քեմբրիջ քաղաքում գտնվող հեղինակավոր Հարվարդի համալսարանին մեղադրել են ռասայական հողի վրա դիմորդների նկատմամբ խտրականության համար: Համապատասխան հայցը երկուշաբթի համալսարանի դեմ ներկայացրել է Օսթինում տեղակայված «Բուհեր ուսանողների ազնիվ ընդունելության համար» կազմակերպությունը, որը հիմնականում բաղկացած է նրանցից, ում չեն ընդունել այս կամ այն համալսարան:
Հայցում նշվում է, որ Հարվարդն «ասիական ծագման ամերիկացիների համար ընդունելության շատ ավելի բարձր չափանիշներ է սահմանում՝ նրանց ստիպելով մրցակցել ոչ թե մնացած բոլոր դիմորդների հետ, այլ բացառապես իրար մեջ»: Այդկերպ՝ սպիտակամորթ, աֆրոամերիկացի և իսպանախոս ամերիկացի դիմորդներն իբր ավելի բարենպաստ դիրքում են հայտնվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բացի այդ, հայցվորները պնդում են, որ Հարվարդը, ձգտելով պահպանել «ռասայական հավասարակշռություն», ամեն տարի ուսման է ընդունում մոտավորապես հավասար քանակությամբ տարբեր ռասաների ուսանողների: «Բուհեր ուսանողների ազնիվ ընդունելության համար» կազմակերպության կարծիքով՝ այդ մոտեցումը նույնպես սահմանափակում է ասիական ծագման ուսանողների թիվը:










