Մոսկվայում դպրոցականներն օգնել են բացահայտել տղամարդու առևանգումը

09:59 • 18.11.14

Մոսկվայում մի տղամարդու հնարավոր առևանգումն օգնել են բացահայտել մոսկովյան №1570 գիմնազիայի սաները, գրում է kp.ru-ն։

 

Նրանք տեսել են, թե ինչպես երկուշաբթի օրը ցերեկով Մոսկվայի փողոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել 3 տղամարդկանց միջև։ Այդ կոնֆլիկտի արդյունքում հարվածել են տղամարդկանցից մեկի գլխին և, քաշքշելով, հրել նրան Great Wall մեքենայի բեռնախցիկ։

 

Ապա մեքենան արագորեն հեռացել է դեպքի վայրից։ Այնուամենայնիվ, դպրոցականները կարողացել են հիշել մեքենայի համարները։

 

Նրանք միանգամից հայտնել են տեղի ունեցածի մասին ոստիկանությանը, ինչից րոպեներ անց մեքենան հայտնաբերվել և կանգնեցվել է ճանապարհային ոստիկանության կողմից։

 

Անցկացվում է հետաքննություն, և եթե պարզվի, որ երրորդ տղամարդն իր կամքին հակառակ է հայտնվել մեքենայի բեռնախցիկում, ապա կհարուցվի քրեական գործ՝ առևանգման մեղադրանքով։

 

Այդ ժամանակ հնարավոր է նաև ոստիկանները որևէ կերպ պարգևատրեն աշակերտներին իրենց արագ և ճիշտ արձագանքի համար։