12 կետերի կատարման ժամկետը չի անցել, քանի դեռ դրանք չեն կատարվել. Արծվիկ Մինասյան

19:30 • 19.11.14

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ ՀՅԴ-ն 12 կետերին պահանջատեր է։ Ի պատախան հարցի, թե եռյակի մերժման պատճառներից մեկն էլ այն է, որ դրանց կատարման ժամկետը վաղուց անցել է, ասաց. «Կետերի կատարման ընթացքը չի կարող անցնել, եթե դրանք չեն կատարվել, իսկ կատարելը կախված է մեզնից: Որքանով ենք մենք առաջ մղում այդ գաղափարները»։

 

-Պարո՛ն Մինասյան, եռյակը հրաժարվեց 12 կետերից, իսկ ՀՅԴ-ն՝ որպես այդ փաստաթղթի տակ ստորագրած քաղաքական ուժ, պատրա՞ստ է երկխոսել դրանց շուրջ իշխանության հետ՝ առանձին:

 

- Մենք ասել ենք միշտ, որ 12 կետերին պահանջատեր ենք՝ անկախ նրանից, որ ուժն ինչպես է մտածում, մենք հետևողականորեն 12 կետերն իրականացնելու գործողություններ ձեռնարկել ենք և շարունակելու ենք ձեռնարկել: Մասնավորապես, կուտակայինի հարցով դիմել ենք դատարան, «Նաիրիտի» հարցով հաջողվել է ստեղծել ենթահանձնաժողով և այդ հանձնաժողովի ակտիվ աշխատանքներից է կախված հետագա ընթացքը: Գյուղատնետսության մասով բյուջեում առաջարկել ենք համապատասխան ծախսային մասով փոփոխություն, որը կապահովի միասնական սուբսիդավորման համակարգը և նաև արտարժութային վարկերի վերածումը դրամականի, ինչպես նաև՝ տոկոսների մասնակի սուբսիդավորումը: Քաղաքական համակարգին վերաբերող բարեփոխումներում ոչ միայն պատրաստ ենք Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, այլև առաջարկում ենք այդ դրույթները սահմանադրական փոփոխություններով դրանք ամրագրել՝ որպես անփոփոխելի և վստահաբար առաջ մղվող մոտեցում:

 

-Բայց միևնույն է՝ բանակցային մթնոլորտն ավելի արդյունավետ է:

 

- Մենք չենք մերժել որևէ երկխոսություն, որևէ քննարկման առաջարկ, մեզ համար կարևոր է, որ 12 կետերը կատարվեն: Եվ եթե իշխանությունն առաջարկում է որոշակի ճանապարհային քարտեզ, պատրաստ ենք նաև լսելու դա և տեղեկանալու՝ ինչ ժամկետում են դրանք իրականցվելու:

 

-Հիմա իրենք ձեզ առաջարկ արե՞լ են:

 

-Այդ եմ ասում, եթե անում են, շատ լավ, եթե չանեն էլ՝ մենք մեր նախաձեռնությունները շարունակում ենք անել:

 

-Բայց մյուս կողմից էլ կարծիք լսեցի, որ Դաշնակցությունը 2.5 տարի է՝ բանակցում իշխանության հետ՝ 7 կետերի շուրջ: Այսինքն՝ դա ի՞նչ կտա:

 

- Չգիտեմ՝ այդ կարծիքն ով է ասել, բայց ասողը բացարձակապես անտեղյակ է կամ խեղաթյուրում է իրականությունը: 7 կետերը եղել են և ցանկացած ժամանակ, երբ իշխանությունը պատրաստ կլինի դրանք ընդունել, պատրաստ ենք լսել, քննարկել և Ճանապարհային քարտեզ գծել:

 

-Համաձայն չե՞ք, որ ինչպես հանձնաժողովները ստեղծվում են ցանկացած հարց թաղելու համար , այնպես էլ բանակցությունները:

 

-Իսկ եթե դրա իրականացման այլ ձև կա, քան բանակցություններն են, երկխոսությունը, թող ասեն: Պահանջ դնելով և այդ պահանջը չբացատրելով, դրա շուրջ քննարկումներ չծավալելով հնարավոր չէ հարցին լուծում տալ: Եթե որոշ մարդկանց կամ ուժերի թվում է, որ իրենք հայտարարեցին և հետայսու արևը պետք է ոչ թե արևելքից, այլ արևմուտքից ծագի, և եթե չծագի այդտեղից, ուրեմն՝ սխալ է արևը ծագում, մենք այդ մոտեցմանը չենք:

 

-Հանրապետականներն այն կարծիքին են, որ եռյակը, մերժելով, ոչ կառուցողական դիրքորոշում ուներ։ Ի՞նչ կասեք այս մասին։

 

- Եռյակի հասցեին չեմ ուզում որևէ բան ասել, իրենց ձևաչափը պահում են, թող իրենք իրենց մասին գնահատական տալ, ավելին՝ ես կարծում եմ, որ ցանկացած ուժ, լինի հանրապետականը, թե ընդդիմությունը ներկայացնող որևէ ուժ, եթե մերժում են խնդիրների շուրջ քննարկումները, բոլոր դեպքերում, դա ոչ կառուցողական մոտեցում է: Նման ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերեց Կառավարությունը, երբ մեծախոսական պատասխան հնչեցրեց 12 կետերի վերաբերյալ, հիմա, եթե նման մոտեցում է ցուցաբերում եռյակը, ապա եռյակը պետք է պատասխանի, թե ինչու է նման մոտեցում ցուցաբերում:

 

-Նրանք ասում են, որ անցել է 12 կետերի կատարման ժամկետը:


-12 կետերի կատարման ընթացքը չի կարող անցնել, եթե դրանք չեն կատարվել, իսկ կատարելը կախված է մեզնից: Որքանով ենք մենք առաջ մղում այդ գաղափարները: Հիմա, Սահմանադրական դատարանում կուտակայինի բողոքարկումը մարտի 30–ին է նշանակված, և եթե մենք ստանանք դրական արդյունք, պետք է ասենք, որ մեզ պետք չէ, որովհետև ժամկետը սեպտեմբե՞րն էր: Չեմ ընդուն ում այդ մոտեցումը և գտնում եմ, որ օր առաջ դա պետք է իրականացվի և ամենևին պարտադիր չէ, որ մի օրում դա իրականացվի, որովհետև, ի վերջո, բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեկ օրվա գործընթաց չէ: Եվ ի դեպ, 12 կետով չպետք է սահմանափակվել: