Ջերմություն՝ տնակային ավանների բնակիչներին. ուսանողները միացել են «Շիրակ» կենտրոնին

22:37 • 19.11.14

«Ջերմություն՝ տնակային ավանների բնակիչներին» ծրագրի շրջանակում այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողներ միացել են Գյումրու «Շիրակ» կենտրոնին և օգնել մոտ քսան ընտանիքի անվճար վառելափայտ տրամադրելու գործում: Այս մասին Tert.am-ին ասաց ծրագրի ղեկավար Վահան Թումասյանը:

 

«Միայն մեր աշխատակազմի և կամավորների ուժերով չէինք կարող այդ ամենը բաժանել: Դիմեցինք Գյումրու ուսանողներին, որպեսզի վառելափայտը պարկերը լցնենք, հասցնենք տնակային ավանների բնակիչներին: Եվ տնտեսագիտականի լավագույն ուսանողները միացան մեզ»,-ասաց նա:

 

Վերջինս նաև նշեց, որ առաջինը օգնություն տրամադրում են բազմազավակ, տարեց և ծնողազուրկ ուսանողներին:
Արդեն ուսանողների երկրորդ խումբն է, որը միանում է «Շիրակ» կենտրոնին: «Սրանով մենք նաև նպատակ ենք հետապնդում ուսանողներին մոտեցնել սոցիալական խնդիրներին: Եվ եթե մեկ անգամ օգնեցին, հետո ցանկություն կունենան օգնել»,-ասաց Վահան Թումասյանը:


Նշենք, որ «Շիրակ» կենտրոնն ամեն տարի վառելափայտով և այլ անհրաժեշտ պարագաներով օգնում է Գյումրու տնակներում ապրող ընտանիքներին: