Զինծառայողից կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետը

17:42 • 19.11.14

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը` հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար, դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։  

Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով Ս. Հայրապետյանը ձերբակալվել է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: