Թաիլանդում 5 ուսանող ձերբակալվել է՝ «Քաղցած խաղեր» ֆիլմից ժեստ կրկնօրինակելու համար
Թաիլանդի հյուսիսային Հոն Կաեն քաղաքում երկրի վարչապետի ելույթի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույց անող 5 ուսանողի, հայտնում է lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։
Բողոքի ցույցի ժամանակ նրանք իրենց գլխավերևում բարձրացրել են երեք մատները՝ կրկնօրինակելով «Քաղցած խաղեր» ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված ժեստը։
Այդ ժեստը ֆիլմի հերոսներն օգտագործում են՝ ցույց տալու համար իրենց մասնակցությունը տոտալիտար ռեժիմի դեմ պայքարող շարժմանը։
Վարչապետ Պրայուտ Չան-Օչան դադարեցրել է իր ելույթը՝ հարցնելով. «Որևէ այլ մարդ ցանկություն ունի՞ բողոք արտահայտելու։ Արագացրե՛ք։ Ես պետք է շարունակեմ ելույթը»։
Բողոքարարները, ովքեր կրել են «Մենք հեղաշրջում չենք ցանկանում» գրությամբ շապիկներ, ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Ուսանողների նկատմամբ ոչ մի պատիժ չի նշանակվել։











