Սա այն է, ինչ մենք ունենք. Գագիկ Հարությունյանը Մինսկի խմբի հայտարարության մասին
Մինսկի խմբի համանախագահները միշտ չէ, որ կտրուկ են լինում, երբ Ադրբեջանը հերթական անգամ խախտում է նորմերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որով հորդորում են Ադրբեջանին թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել:
«Երբևիցե չեմ հիշում այնպիսի կոշտ գնահատական նրանց կողմից, ինչպես մենք ակնկալում ենք»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Գագիկ Հարությունյանը անհասկանալի համարեց Հայաստանին ուղղված հորդորը, ըստ որի` պետք է ջանքեր ներդնել հումանիտար իրավիճակի լուծման համար: «Դա մի փոքր անհասցե, ընդհանրական գնահատական է, որ ամեն մի առիթով ասում է: Սակայն որևէ իրատեսական ծրագիր այդ խոսքերի տակ ես չեմ տեսնում»,- ասաց նա և նշեց, թե դժվար է պատկերացնել, թե հատկապես որ հումանիտար նորմն է խախտել հայկական կողմը:
«Մինսկի խումբը միակն է, որի ձեռքում կարգավորման ռեսուրսներ կան, սակայն դժվար է պատկերացնել եռանախագահների կոնսենսուսը: Ինչպես տեսնում ենք` առ այսօր Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվում է հրադադարի ռեժիմը և որևէ լուրջ քայլ չի արվում: Սա այն է, ինչ մենք ունենք, և նոր բանի սպասելը միամտություն կլինի»,- ասաց նա:










