Վաղուց ժամանակն է, որ Մինսկի խումբը հասցեական գնահատական տա տեղի ունեցածին. Արտակ Զաքարյան

15:24 • 20.11.14

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադառնալով նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուսումնական ուղղաթիռի խոցելու դեպքին՝ նշեց, թե վաղուց ժամանակն է Մինսկի խումբը հասցեական գնահատական տա տեղի ունեցածի նկատմամբ: Tert.am-ին հարցերին ի պատասխան Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ազատվել Մինսկի խմբի գործընթացի կապանքներից: «Ազատվել, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ դա Ադրբեջանին տանելու է դեպի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման անվիճելի սկզբունքի ընդունում»,-ասաց նա:


-Պարոն Զաքարյան, ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ-ին ավելի կոշտ արձագանքով հանդես գալ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուսումնական ուղղաթիռի խոցելու փաստի առնչությամբ և ինչո՞ւ չեն պարտադրում Ադրբեջանին՝ հարգել միջազգային կոնվենցիան՝ օդաչուների դիակները դուրս բերելու համար:


-Ես ԵԱՀԿ-ի փոխարեն կդժվարանամ պատասխանել: ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ արձագանքներ ունեցել է տարբեր իրադարձությունների վերաբերյալ:


-Գուցե հայկական կողմի արձագանքն այնքան էլ ադեկվատ չէ, հայտարարություններն այնպիսին չեն, որ ԵԱՀԿ-ին պարտադրեն ավելի հասցեական խոսել:

 


-Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ և տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել որպես կոպիտ խախտում իրականացնող կողմ՝ ձեռք բերված հրադադարի պայմաններում: Դա իր մեջ պարունակում է շատ կոշտ դիվերսիոն և սադրիչ գործընթաց՝ բանակցային խաղաղ գործընթացը խաթարելու: Այսինքն` Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ: Համաձայն եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի հասցեական լինի դիրքորոշումների մեջ, որպեսզի բանակցային գործընթացը քիչ տուժի: Մեր կայուն համոզմունքն է, որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և չկա այլընտրանք նաև Մինսկի խմբի բանակցային գործընթացում:


-Ադրբեջանի նման պահվածքը չի՞ հուշում, որ այդ երկիրը երաշխիքներ ունի որոշակի կառույցների կողմից:


-Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ փորձ է անում ձախողել բանակցային գործընթացը: Սրա մասին բոլորը գիտեն: Կազմակերպությունները կողմերին կոչ անելով կառուցողական երկխոսության՝ բնականաբար նկատի են ունենում, որ նման գործողությունները պետք է բացառել, դրանք անթույլատրելի են, դրանք չեն կարող նպաստել հասարակությունների միջև փոխադարձ վստահության մշակույթի ձևավորմանը, կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, և Ադրբեջանի կողմից այս ապակառուցողական գործողությունները` խաթարելու Մինսկի խմբի գործընթացը, ունեն նաև որոշակի ռազմական գործողությունների շարք:


Ամենաանթույլատրելի և դատապարտելի արարքը, որ արեց Ադրբեջանը, ուսումնավարժանք իրականացնող անզեն ուղղաթիռը խոցելն էր: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ազատվել Մինսկի խմբի գործընթացի կապանքներից: Ազատվել, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ այդ գործընթացը Ադրբեջանին տանելու է դեպի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման անվիճելի սկզբունքի ընդունում: Նաև հաշվի առնելով տարածաշրջանում իր կողմից կուտակած սպառազինությունները՝ Ադրբեջանը փորձելու է ձախողել գործընթացը: Բոլոր բանակցային գործընթացներում հայտարարում են, թե իրենք կողմ են խաղաղ կարգավորմանը, բայց սահմանի վրա լարվածություն են ավելացնում: Մինսկի խմբի շրջանակներում իրականացված ջանքերը՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը ճշտելուն ուղղված, ևս ձախողված են:


-Իսկ միգուցե մեր թույլ դիվանագիտությո՞ւնն է պատճառը:


- Մեր դիվանագիտությունը ու բոլոր պետությունների դիվանագիտությունները ունեն սկզբունքները: Թույլի և ուժեղի խնդիր չէ, մեր դիվանագիտությունը ամբողջությամբ ամենածանրաբեռնված ձևով աշխատող դիվանագիտություն է, կան ողջամիտ գործողությունների շրջանակներ, ու մեր դիվանագիտությունն ամեն ինչ անում է ողջամիտ գործողությունների շրջանակներում: Այլ բան ակնկալել... ռազմատենչ հայտարարությունները կամ խրոխտ հռետորաբանությունը դիվանագիտության մեջ ոչինչ չեն տա: Ադեկվատ գնահատական տրվել է, գնահատականները մեր կողմից ևս տրվել են, իսկ ՄԽ շրջանակներում, ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ խումբը հասցեական գնահատական տա տեղի ունեցածի նկատմամբ: Ադրբեջանը բազմիցս խախտում է, շեղվում ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչը պետք է ՄԽ-ի համար որոշակի ազդանշան լինի, որ հայտարարությունների բնույթը հասցեական պիտի լինի: Ամեն դեպքում Հայաստանը, շատ լավ հասկանալով իրավիճակը, թույլ չի տա Ադրբեջանին՝ իրեն ներքաշել իր իսկ սարքած ավանտյուրայի մեջ։