Իրանական ընկերությունը ներկայացրել է ամերիկյան ուղղաթիռներ, որոնք գնվել են՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Իրանական ընկերությունը ներկայացրել է ամերիկյան արտադրության ուղղաթիռներ, որոնք գնվել են միջնորդների միջոցով՝ չնայած ԱՄՆ-ի և միջազգային հանրության պատժամիջոցներին:
Պարսից ծոցի Քիշ կղզում ցուցահանդեսի այցելուները կարողացել են տեսնել R-44 չորս ուղղաթիռ, որոնք արտադրվել են Կալիֆոռնիայում գտնվող Robinson Helicopter Company ընկերության գործարանում:
«Իրանական ուղղաթիռային ընկերության» ղեկավար Մահմուդ Ազինը Tasnim գործակալությանը հայտնել է, որ ուղղաթիռները գնվել են ավելի բարձր գնով երրորդ երկրում՝ միջնորդների միջոցով:
Նրա խոսքով՝ R-44-երը կարող են օգտագործվել օդաչուների պատրաստման համար և որպես ոստիկանական պարեկային ուղղաթիռներ:
«Իրանական ուղղաթիռային ընկերությունը», որն ունի 25 ուղղաթիռ, դրանք օգտագործում է հիմնականում իրանական նավթային հանքերը սպասարկելու համար:










