Ադրբեջանի կողմից իրավունքի նորմերի խախտումն ակնհայտ է միջազգային հանրության համար, բայց պետք են հստակ բանաձևեր. Կ. Նահապետյան

14:22 • 20.11.14

Այն, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ ակնհայտ է նաև միջազգային հանրության համար, բայց պետք են հստակ ձևակերպումներ, բանաձևեր. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում է հնարավոր հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը, սակայն, Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով փորձ է անում խարխլել:


«Վերջին ցավալի դեպքը որոշ իմաստով ստվերում է բանակցային գործընթացը, բայց, այնուամենայնիվ, մենք շատ լավ հասկանում ենք, որ սա այն ձևաչափն է, որի շրջանակներում հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումը: Հասկանում եմ հանրության տարբեր շերտերի գնահատականները ԵԱՀԿ առաքելության և բանակցային այս ձևաչափի հետ կապված, բայց կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները հետամուտ կլինեն, որպեսզի ողբերգական այս ցավալի միջադեպի հետ կապված պատշաճ հետաքննություն իրականացվի, նաև միջազգային համապատասխան կառույցների կողմից և տրվեն համարժեք գնահատականներ»,- ասաց նա:


Կորյուն Նահապետյանը նկատեց, որ, իհարկե, բավարար չեն այդ գնահատականները, և այդ առումով իրենք պետք է շարունակեն ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից տրվեն համարժեք գնահատականներ:


«Հավանաբար նկատել եք, որ միջազգային կառույցները կոչ են անում երկու կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնարկել քայլեր, որպեսզի խաղաղությունն ամրապնդվի և վստահության միջոցներն ամրապնդվեն, բայց յուրաքանչյուր անգամ Ադրբեջանը իրականացնելով հայատյաց քաղաքականություն, իր սադրիչ գործողություններով փորձում է խարխլել այդ փխրուն խաղաղությունը և նաև վնաս հասցնել բանակցային գործընթացին»,-ասաց նա:


Միաժամանակ Կորյուն Նահապետյանը նկատեց, թե դա չի նշանակում, որ հայկական կողմն ակնկալիքներ չունի միջազգային հանրությունից։ «Այստեղ ուզում եմ կարևորել խորհրդարանական ձևաչափով մեր անելիքները։ Առաջիկայում մի շարք միջոցառումներ կան, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանն է լինելու, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերն են տեղի ունենալու, և բոլոր այս վեհաժողովների հարթակներում մենք պետք է հստակ ներկայացնենք մեր դիրքորոշումը՝ ակնկալելով այս կազմակերպություններից հստակ գործողություն»,-ասաց նա:


Մեր դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ Ադրբեջանի վրա նման գնահատականներ չեն ազդում, և դա չի՞ հուշում, որ Ադրբեջանը նույն միջազգային հանրությունից երաշխիքներ ունի ստացած, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ որևէ միջազգային կառույց որևէ երաշխիք է տվել Ադրբեջանին՝ նման գործողություններ ձեռնարկելու: Այն, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ ակնհայտ է նաև միջազգային հանրության համար, բայց պետք են հստակ ձևակերպումներ, բանաձևեր և դրանք պետք է գործնական ազդեցություն ունենան Ադրբեջանի վրա: Մոտ ժամանակահատվածում, կարծում եմ, կլինեն զարգացումներ, և մենք կարձանագրենք նաև նոր իրավիճակներ։ Ունենանք այնպիսի զգացողություն, որ ամբողջությամբ հույսներս չդնենք միջազգային հանրության վրա, այլ մեր հետևողական քաղաքականության արդյունքում, մենք պետք է իսկապես կարողանանք հասնել մեզ համար շահեկան վիճակի»։