Ադրբեջանցի պատգամավորին, որի ռեստորանում «թշնամական» Շերի երգն է հնչել, կպատժեն
Թուրքական հայտնի MADO սրճարանային ցանցի ադրբեջանական մասնաճյուղի սեփականատերը, որն սկանդալի մեջ էր հայտնվել հայկական ծագում ունեցող Շերի երգը հնչեցնելու համար, համարվում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման (Էրդողանի նախկին դաշնակից, այժմ՝ հակառակորդ-Tert.am) ադրբեջանական թևի ներկայացուցիչը, և Թուրքիան պահանջում է պատժել նրան:
Ադրբեջանական musavat.com կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայում հայտնի բրենդի ադրբեջանական մասնաճյուղը կարող են խլել ադրբեջանցի պատգամավոր Ջեյհուն Օսմանլըից:
Անկարան պահանջում է կասեցնել այդ գործարարի գործունեությունը, քանի որ նա Գյուլենին հարող ուժի ներկայացուցիչն է Բաքվում:
Պարբերականի աղբյուրը Mado-ի շուրջ բարձրացված աղմուկն այսպես է մեկնաբանում. «Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ MADO-ի մասնաճյուղում հնչեց հայկական ծագում ունեցող ամերիկացի երգչուհի Շերի երգը: Ցանցը նախ հաշվի չէր առել այցելուների դժգոհություններն ու միայն այն բանից հետո, երբ բողոքի ակցիաներ սկսվեցին, որոշեց «փոխել սկավառակը»:
Աղբյուրը նշում է, որ Շերի անվան հետ կապված սկանդալն իրականում կարող է սադրանք լինել՝ Ադրբեջանի իշխանություններին հիշեցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջը՝ «Գյուլենական համայնքին» վնասազերծելու մասին:










