Նախիջևանում սիրելն արգելել են. միասին քայլող զույգերին բաժին են տանում, տուգանում կամ կալանավորում

11:34 • 20.11.14

Նախիջևանում մարդու իրավունքները ոտնահարելու նոր տարբերակ են մտածել: Քաղաքական ճնշումներից բացի, արդեն ներխուժում են մարդկանց առօրյա կյանք, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

 

Հաղորդվում է, որ արդեն արգելք է սահմանվել սիրահար զույգերի համար՝ հանրային վայրերում զբոսնելու առումով: Ի դեպ, արգելքը գործում է նաև նշանվածների համար:

 

Ուսանողները պատմել են, որ ոստիկանները նպատակաուղղված բռնում են ոչ միայն այն զույգերին, որոնք միմյանց ձեռք են բռնում զբոսնելիս, այլև նրանց, որոնք պարզապես կողք կողքի են քայլում:

 

Ուսանողները բողոքել են, որ ոստիկանները զույգերին վիրավորում են փողոցում, հետո տանում են ոստիկանական բաժանմունք: Այստեղ նրանցից փաստաթղթեր են պահանջում՝ պարզելու նրանք ամուսնացա՞ծ են, նշանադրվա՞ծ, թե՞ պարզապես հարաբերությունների մեջ են:

 

Եթե ամուսնությունը փաստող ապացույցը բացակայում է, զույգին կամ խոշոր չափի տուգանք են սահմանում, կամ կալանավորում են մի քանի օրով:

 

Նրանց խոսքերով՝ երիտասարդները նախընտրում են պարտքով վերցնել անհրաժեշտ գումարը՝ միայն թե իրենց ծանոթների ու ազգականների մոտ չխայտառակվեն: