Առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը. Սեյրան Օհանյան
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերն այդ տարածքից վերցնելու գործում Հայաստանի ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ՀՀ ՊՆ ջանքերով Մայր Հայրենիք տեղափոխված, 20-րդ դարասկզբի Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի նվիրյալ Զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորի ամփոփմանը։
«Կարծում եմ, որ մեր հարևանները կհասկանան, որ ի վերջո միջազգային մարդասիրական կանոնների համաձայն պետք է թույլատրվի ուղղաթիռի ընկած վայրի կամ թեկուզ մարտական գործողությունների վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն ու տեղափոխումը: Այլ տարբերակները միշտ էլ ուժի մեջ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,-ասաց նա:
Դիերի՝ Ստեփանակերտում գտնվող դիվերսանտների հետ փոխանակելու վերաբերյալ նախարարն ասաց, որ դա Արցախի Հանրապետության ղեկավարությանն է վերաբերում. «Ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և դրա համար պետք է պատասխան տան: Մեր կատարած դիվանագիտական աշխատանքները տվեցին իրենց արդյունքը, որ համանախագահները կոնկրետ հայտարարություններ արեցին՝ դիմելով Ադրբեջանին, որպեսզի վերցնենք մեր աճյունները»:
Նախարարը նաև նշեց, որ սահմանին հրադադարի բոլոր տիպի խախտումները սադրանքներ են, որոնք լարվածության աստիճան են ապահովում բանակցային գործընթացը տապալելու համար:
Կրկին անդրադառնալով ուղղաթիռի խոցման դեպքին՝ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ այն խոցվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ և Արցախի տարածքում: Ըստ նրա՝ դա բոլոր տիպի նորմերի խախտում է, և նախօրոք էր ցուցում տրված, որ պետք է խոցեն ուղղաթիռները:
«Մենք մինչև վերջ փորձելու ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել, մյուս տարբերակներն ուժի մեջ են մնալու, որոնց մենք միշտ պատրաստ ենք»,-ասաց նա:










