Քարտուղարի աշխատակիցները բոլոր ջանքերը կգործադրեն՝ լուծում տալու համար. ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ ուղղաթիռի անձնակազմի խնդրի մասին

14:33 • 20.11.14

ԵԱՀԿ-ի Վիեննայի քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ներկայացուցիչ Տորստեյն Շտոտիկը չի կարող նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուսումնական ուղղաթիռի խոցելու դեպքը մեկնաբանել ավելին, քան Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունն է:


«Ես ընդամենը կարող եմ հղում կատարել Մինսկի խմբի կողմից արդեն իսկ արված հայտարարությանը: Մինսկի խումբը փորձ է անում մտնել դեպքի վայր, սակայն դա դեռևս չի հաջողվել, շարունակվում են աշխատանքները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ նպատակին հասնելու համար»
,- ՀՀ ԱԺ-ում այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ներկայացուցիչը:


Հարցին, թե որպես ԵԱՀԿ ներկայացուցիչ, տեղի ունեցածը Ժնևյան կոնվենցիայի կոնտեքստում ինչպե՞ս կգնահատի, Տորստեյն Շտոտիկը պատասխանեց. «Ես կարող եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել մուտք գործել ուղղաթիռի խոցման վայրը։ Ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ-ի քարտուղարի ներկայացուցիչն է գտնվում դեպքի վայրում, և նրա աշխատակիցները բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն խնդրին լուծում տալու համար»,-եզրափակեց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:


Հիշեցենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս հանդես են եկել հայտարարությամբ` իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ։


«Ցավում ենք զոհերի համար ու կիսում նրանց հարազատների վիշտը: Խստորեն կոչ ենք անում կողմերին՝ ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ վերջնական համաձայնություն գտնելու հարցում: Տարածաշրջանը չի կարող թույլ տալ բռնության նոր փուլ: Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին»,- ասված է հայտարարությունում: