Պուտինը կփորձի ամեն կերպ քայքայել Եվրոպան. Մադլեն Օլբրայթ
Եվրամիությունն «անդեմ և անարդյունավետ» է Ուկրաինայի ճգնաժամի հարցում, hայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ելույթ ունենալով Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամում՝ Օլբրայթն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «լավ տակտիկա ունի, բայց վատ ռազմավար է»:
Նա նշել է, որ Պուտինի գործողությունների արդյունքում տեղի ունեցավ նրա ակնկալածի ճիշտ հակառակը:
«Իր գործողություններով նա միավորեց Եվրոպան՝ այն պառակտելու փոխարեն »,-ասել է Օլբրայթը:
Խոսելով Պուտինի հետագա հավանական քայլերի մասին՝ Օլբրայթն ասել է. «Նա, իհարկե, մեծ բանակով Եվրոպա չի մտնի, սակայն նա տարբեր ճանապարհներով կփորձի քայքայել, որպեսզի իրավիճակը քաոսի վերածի»:
Վերադառնալով Եվրոպայի հարցին և ռուսական ղեկավարության հանդեպ նրա գործողություններին՝ Մադլեն Օլբրայթն ընդգծել է, որ ակնկալիքները, թե ԵՄ-ն լուծման մաս կդառնա, չեն արդարացվել:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի ջանքերը չափազանց հաջողված չէին:
«Նախորդ վարչակազմի գործողությունները հանգեցրին նրան, որ ժողովրդավարությունը վատ համբավ ձեռք բերեց, մասնավորապես՝ Իրաքում տեղի ունեցածից հետո», -ասել է Օլբրայթը:










