Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի հանձնառությունները . ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության հայտարարությունը Մշտական խորհրդի նիստում

20:08 • 21.11.14

Նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ:


Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուսումնական թռիչք իրականացնող ՄԻ-24 ուղղաթիռի կործանմանը՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարարական խմբերի փորձերը` մոտենալու ուղղաթիռի անկման վայրին՝ անընդհատ հրաձության տակ պահելով տեղանքը:

 

 

Ընդգծվել է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների փորձերը` ներգրավվելու անձնակազմի անդամների տարհանման և տեղանքի դիտազննման աշխատանքներին, մերժվել են Ադրբեջանի կողմից: Դրանով իսկ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի հանձնառությունները, որոնք նախատեսում են հակամարտությունների բոլոր կողմերի պարտավորությունը` առանց որևէ հետաձգման ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները` փնտրելու և հավաքելու վիրավորներին, հիվանդներին և զոհվածներին:


ՀՀ առաքելությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և դադարեցնել անձնակազմին մոտենալը կանխարգելելուն միտված զինված գործողությունները: Շեշտվել է, որ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար: