Ադրբեջանի անմարդկային կեցվածքի համար մեղավոր է միջազգային հանրությունը. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի կոշտ լինեն Ադրբեջանի վերաբերյալ իրենց հայտարարություններում, որոշումներում, քանի որ Ադրբեջանը սովորել է «կապրիզ» անելուն։
Tert.am–ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը, որ արդեն 5-րդ օրն է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ հացադուլ է անում՝ պահանջով, որ ԵԱՀԿ–ն քայլեր ձեռնարկի ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊՆ զինուժի խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարածքից դուրս բերելու ուղղությամբ։
«Կարծում եմ, որ իրենց լիազորություններից դուրս է սանկցիաներ հայտարարելը, բայց իմ կարծիքով՝ խնդիրը պետք է մտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, պետությունները պետք է սանկցիաների սպառնալիքով փորձեն Ադրբեջանին հետ պահել իր անմարդկային կեցվածքից»,-ասաց Դավիթ Սանասարյանը։
Ըստ նրա՝ ինչպես Ռուսաստանի նկատմամբ են պատժամիջոցներ կիրառվում, այնպես էլ դրանք պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ:
Դավիթ Սանասարյանն ասում է, թե Ադրբեջանը սովորել է «կապրիզ» անելուն, և դրանում մեղավոր են միջազգային հանրության ներկայացուցիչները:
«Նրանք պատշաճ չեն արձագանքում, կարելի է ասել ոչինչ չասող, դիսբալանս բերող հայտարարություններ են անում, եթե մի կողմը հարձակվում է, երկու կողմին են կոչ անում, դա սխալ է»,- նշեց նա։
Դավիթ Սանասարյանը նաև նշեց, թե իր պահանջը շարունակելու է այնքան, քանի դեռ հայ օդաչուների մարմինները դուրս չեն բերվել դեպքի վայրից:










