TIME ամսագիրը սկսել է «Տարվա մարդ» կոչման համար բաց քվեարկությունը (լուսանկարներ)
TIME աշխարհահռչակ ամսագիրը հայտարարել է բաց քվեարկության մեկնարկի մասին, գրված է ամսագրի վեբ-կայքում։
Ամսագրի խմբագիրները պետք է որոշեն, թե ով է լինելու «Տարվա մարդը» անվանակարգի հաղթողը՝ հիմնվելով հանրության կարծիքի վրա, որի համար հատուկ քվեարկության համակարգ է բացվել կայքում։ Քվեարկելու համար անհրաժեշտ է սեղմել կարմիր սլաքի վրա՝ թեկնածուների պատկերները թերթելու համար, այնուհետ սեղմել «vote» բառի վրա։
Այս տարի ներկայացված է 50 թեկնածու, որոնք ըստ ամսագրի խմբագրության՝ այս կամ այն կերպ ազդեցություն են ունեցել լուրերի և միջազգային իրադարձությունների վրա։
Առցանց քվեարկության համաձայն՝ ամենաազդեցիկ մարդկանց ցանկում այժմ ձայների 11.7%-ով առաջին տեղում է Նարենդրա Մոդին՝ Հնդկաստանի այժմյան վարչապետը, ով հակասական արձագանքներ է առաջացրել տարբեր միջազգային հարցերի շուրջ թե՛ հնդկական և թե՛ միջազգային հանրության շրջանում։
Նրան ձայների 7.1%-ով հաջորդում է Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահը։
Երրորդ տեղում է ձայների 5.5%-ով Ջոն Քերին՝ ԱՄՆ պետքարտուղար։
Բացի այդ, թեկնածուների ցանկում ներկայացված են անձինք, որոնք ազդեցություն են ունեցել բազմատեսակ իրադարձությունների վրա և հայտնվել նորությունների կենտրոնում, ինչպես, օրինակ, Մալալա Յուսուֆզայը, ում վրա «Թալիբան» շարժման գրոհայինները կրակել էին 2012-ին՝ պակիստանցի կանանց ուսման խնդիրների մասին բարձրաձայնելու համար,
Լավերն Կոքսը՝ ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ԼԳԲՏ անձանց իրավունքների ջատագով, առաջին տրանսսեքսուալ կինը, ով ներկայացվել է Էմմի մրցանակի,
Ջենիֆեր Լոուրենսը՝ ամերիկացի հայտնի դերասանուհի, ում մերկ լուսանկարները հայտնվել էին համացանցում։

![]()











